iTélé հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ և «Հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին իր ափսոսանքն է հայտնել՝ կապված գերտերությունների՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում ուժերը միավորելու ձախողման հետ:
Ըստ նրա՝ Արևմուտքը «ողբերգական սխալ» է գործել, երբ խաթարել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ առանց նրա՝ Սիրիայում խաղաղության հասնելն անհնար է:
Սարկոզին նշել է, որ չգիտի, թե արդյոք կարող է Վլադիմիր Պուտինին իր ընկերը համարել: «Ես նրան այդպես չէի կոչի: Ես պարզապես կարծում եմ, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին աշխատեն, և ես վստահ եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է հասնել սիրիական ճգնաժամի լուծմանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, երբ Ռուսաստանի ավիացիան սկսել է ռազմական գործողություններ իրականացնել, մեկնաբանների մի ամբողջ բազմություն մեղադրել է նրան միջամտության մեջ: Երբ Պուտինը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դուրս բերել ռուսական ինքնաթիռները, նույն մեկնաբաններն ասում էին, որ նա իզուր է դա անում:
Ես չգիտեմ, թե ինչու է նա դա արել, ես նրա հետ չեմ խոսել դրա մասին: Ես ձեռնպահ կմնամ այդ հարցի շուրջ որևէ կարծիք արտահայտելուց: Ես չգիտեմ պատճառները, որոնք դրդել են նրան դա անել: Բայց ես գիտեմ, որ Միջերկրական ծովի տարածաշրջանում կայունություն չի լինի, քանի դեռ գոյություն ունի «Իսլամական պետությունը»,- ասել է Սարկոզին: