Արդեն երկար ժամանակ ինձ հետապնդող վնասվածքս, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ իմ պատրաստվածության վրա, դրա հետ սակայն, գիտեմ, որ կարող եմ շատ ավելի լավ հանդես գալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության մասին խոսելիս:
Առաջնության 1/8 եզրափակչից պայքարը լքած մարզիկը նկատեց, որ մրցաշարի մթնոլորտը շատ տհաճ էր, քանի որ ինքը չի կարողացել ինքնադրսևորվել:
Մեզ հետ նախորդ զրույցում մարզիկն ասել էր, որ փոքր վնասվածք ունի: Այն հարցին՝ արդյոք, վնասվածքն ազդեցություն ունեցա՞վ ելույթի վրա, Հարությունյանն ասաց.
«Արդեն երկար ժամանակ ինձ հետապնդող վնասվածքս, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ իմ պատրաստվածության վրա, դրա հետ, սակայն, գիտեմ, որ կարող եմ շատ ավելի լավ հանդես գալ»:
Այն նկատառմանը, որ Գևորգ Ալեքսանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր՝ «Միհրանի մոտ, կարծում եմ, թերի պատրաստվածության հարց կար», մարզիկը պատասխանեց. «Գևորգ Ալեքսանյանը փորձառու և շատ լավ մարզիչ է, ինչպես նաև միջազգային կարգի մրցավար է, եթե նա նշել է իմ՝ ոչ լիովին պատրաստ լինելը, չեմ վիճի»:
Հաջորդ մրցումների մասին խոսելիս՝ մարզիկն ասաց. «Հետագա մրցումներին իմ մասնակցությունը կախված է գլխավոր մարզչից. թե երբ և որտեղ ելույթ կունենա թիմը, այդ թվում՝ ես, կախված է հենց նրա որոշումից: Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում կկայանացնի, նաև՝ մրցաշարերի ընտրության հարցում: Դրա համար նա բավարար փորձ ունի»:
Վերջում Հարությունյանը հավելեց. «Բոլոր նրանք, ովքեր հավատացել և հավատում են ինձ, խոստանում եմ արդարացնել նրանց սպասելիքները Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերում. այնտեղ բոլորովին այլ պայքար է լինելու: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ սոցցանցերում: Հայաստանում ինձ համար պատասխանատու մարզիչը՝ Սամվել Գևորգյանը, անձնական մարզիչներ Ռուբեն Թաթուլյանը, Արամ Սարգսյանը, հավատում են ինձ, և դա մեծ մոտիվացիա է ինձ համար: Բոլորին շնորհակալություն»: