Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդական աշխարհազորի դիմակայությունը սրվում է, գրում է Politico թերթը:

 

Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի բնակիչները, որոնք լքել են քաղաքը, չէին կարողանում ճանաչել փողոցները, որոնցում մի ժամանակ ապրել էին. նեղ փողոցները բեկորներով են լցված, այրված տներից ծուխ է բարձրանում երկինք:

 

Դիարբեքիրի բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է Սիրիան, որ իրենք հավաքել են երեխաների համար անհրաժեշտ իրերն ու լքել տունը։ Պարբերականն ընդգծում է, որ Եվրոպան գործնականում ուշադրություն չի հատկացնում այդ բռնություններին։ Նախորդ տարվա օգոստոսից Թուրքիայի հարավ-արևելքում 400.000 մարդ դարձել է փախստական։

 

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համաձայն, օգոստոսից ի վեր Թուրքիայի հարավ-արևելքում առնվազն 250 քաղաքացի է սպանվել: Դիարբեքիրից բացի, տուժել է նաև Ջիզրեն. տեղի իշխանությունների գնահատականով, քաղաքը լքել է նրա բնակիչներից 100- 120 հազար մարդ:

 

Եվրամիությունն Անկարային չի քննադատում ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողությունների համար, որին Բրյուսելը ևս ահաբեկչական կազմակերպություն է համարում, չնայած եվրոպական շատ երկրներ աջակցում են քրդական կուսակցության ռազմական թևին. ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն առաջավոր գծում կռվում են ԻՊ-ի դեմ, նշում է պարբերականը: