Բելգիայի կառավարությունը Բրյուսելի օդավակայանում որոտացած պայթյուններից հետո երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բելգիական «Բելգա» լրատվական գործակալությունը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր ղեկավարած կառավարությունը րոպե առ րոպե հետևում է իրադրությանը:

 

Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում:

 

Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:

 

Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը: Բելգիական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ օդանավակայանը փակ է թռիչքների համար: Սոցիալական մեդիայում գրում են այն մասին, որ դեպքի վայրից մարդիկ խուճապահար փախչում են: