Բելգիական լրատվամիջոցներն այժմ հերքում են Բրյուսելի ահաբեկչությունների կասկածյալ Նաջիմ Լաաշրաուիի ձերբակալության մասին նախկին հաղորդումները, գրում է The Guardian-ը:

 

 

Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի Անդերլեխտ համայնքում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածը Նաջիմ Լաաշրաուին չէ, ում ոստիկանությունը կասկածում է Բրյուսելի օդանավակայանում նախօրեին իրականացված ահաբեկչությունների մեջ ներգրավվածության համար։ Ոստիկանությունը մեկ այլ անձի է ձերբակալել, գրում է La Libre Belgique-ը:

 

 

DH բելգիական լրատվամիջոցը, որն առաջինն էր հաղորդել Նաջիմ Լաաշրաուիի ձերբակալության մասին, նույնպես հայտնել է, որ Անդերլեխտում ձերբակալված անձի ինքնությունը սխալ է եղել։

 

 

Ոստիկանությունը և դատախազությունը հրաժարվել են մեկնաբանել ձերբակալության մասին լուրը՝ հայտարարելով, որ ողջ տեղեկությունը կներկայացվի մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայում պիցցերիաներից մեկում ձերբակալվել է Բրյուսելի ահաբեկչությունների կասկածյալ Նաջիմ Լաաշրաուին: Քննության տվյալներով՝ նա նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետաքննության ընթացքում ձերբակալված Սալահ Աբդեսլամի հանցակիցն է: