Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն իր վստահորդի ձերբակալության մասին:
Չնայած այս հերքմանը՝ պաշտոնական Թեհրանը դեռևս չի հերքում կամ հաստատում նախկին նախագահի ձերբակալության մասին լուրը:
Տեղեկացրել ենք, որ Լոնդոնում տպագրվող համաարաբական Al-Quds Al-Arabi թերթը, վկայակոչելով իրանական աղբյուրներ, հաղորդել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի թույլտվությամբ Շիրազում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Պատճառը, ըստ թերթի, քաղաքական գործչի հակակառավարական հայտարարություններն են, որոնք Թեհրանը համարում է «անկարգություններ սադրելու կոչ»: Նախորդ հինգշաբթի, ելույթ ունենալով Բուշերում ցույցի դուրս եկածների առջև, Ահմադինեժադն ասել էր, որ «որոշ պաշտոնյաներ հեռու են ժողովրդի խնդիրներից և ոչինչ չգիտեն հասարակությունում առկա իրական վիճակի մասին»: