Ապրիլի 14-ին «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն էր տարածել, թե Արայիկ Խանդոյանին սպանելու պատվեր է եղել և խցում ատրճանակ է հայտնաբերվել, սակայն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է տեղեկությունը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ։ 

Պարզաբանման մեջ նշված է. «Երեկ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել էր «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարությունը, համաձայն որի՝ իբրև թե «2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ»: Ավելին՝ ըստ իրենց «տեղեկության»՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:

 

Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի: Քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների ժամանակ մինչ այսօր գործնականում երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել, ինչն էլ մեկ անգամ ևս ապացուցում է տարածված տեղեկատվության անհեթեթ լինելը»: