Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո՝ Anonymous միջազգային խմբավորման հաքերները տեսագրություն են հրապարակել YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառնացել են պատասխան գործողություններով: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Մենք պայքար ենք սկսել ԻԼԻՊ-ի դեմ նոյեմբերին Փարիզում ահաբեկչություններից հետո և շարունակում ենք պայքարել յուրաքանչյուր օր: Մենք փակել ենք հազարավոր Twitter-հաշիվներ, որոնք պատկանել են ԻԼԻՊ-ին, հետապնդում ենք քարոզչական կայքերին, գողացել ենք նրանց գումարները, իրականացրել ենք տարբեր կիբեռհարձակումներ: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները»,- հայտարարել է հաքերը՝ նշելով, որ իրենք ամենուր են և կգտնեն ԻԼԻՊ-ի կողմնակիցներին:
«Վախեցե՛ք»,- ասել է նա։
Anonymous-ի հաքերը հայտարարել է, որ իրենք ավելի շատ են, քան նրանք կարծում են, և սպառնացել է: Հաքերները կոչ են արել սովորական օգտատերերին միանալ ահաբեկչության դեմ պայքարին: Կիբեռակտիվիստները խնդրում են քաղաքացիներին կոտրելը թողնել հաքերներին և պատերազմ հայտարարել կրոնական խտրականությանը: Նրանց կարծիքով՝ ԻԼԻՊ-ը չի կարող մուսուլմաններին ներգրավել իր շարքերը, եթե նրանք ինտեգրվեն քաղհասարակությանը:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: