Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Moderna ընկերության համահիմնադիր, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը համաշխարհային հանրությանն ուղղված կոչ-նամակ է հրապարակել այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են New York Times-ը, Washington Post-ը և Times of London-ը։ Խոսելով նամակի մասին՝ նա ընդգծել է, որ դեռ Բեյրութում անցկացրած մանկության տարիների չջնջվող հիշողություններից մեկն ամեն տարի ապրիլի 24-ին անցկացված հիշատակի միջոցառումներն էին, որի ընթացքում իր ընտանիքը հազարավոր այլ հայերի հետ ողջ աշխարհում ոգեկոչում էր օսմանյան թուրքերի կողմից սպանված շուրջ 1,5 մլն հայերի հիշատակը։ «Չեմ կարող լիարժեքորեն նկարագրել, թե ինչ է նշանակում լինել երեխա, ով թվերը կամ տառերը սովորելուց առաջ սովորում է, որ մասն է կազմել մի հանրության, որին մյուսները փորձել են ոչնչացնել։ Այդ գիտակցումն իմ էության առանցքն է, և դա է սնում իմ շարունակական մտահոգությունը, աջակցությունն ու ջանքերը՝ պաշտպանելու Հայաստանն ու հայերին»,- LinkedIn-ի իր էջում գրել է Աֆեյանը։ Նա նկատել է, որ այսօր պատմությունը կրկնվում է և հայերը նորից սպանվում են ու տեղահանվում, իսկ միջազգային հանրությունը պարզապես հետևում է այդ ամենին։ Հենց դա է պատճառը, որ նա որոշել է հրապարակել կոչ-նամակ՝ աշխարհի ուշադրությունը բևեռելով այս հարցի վրա։

Աֆեյանի նամակի թարգմանությունն ամբողջությամբ։

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, հիշատակի օր, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Օսմանյան կայսրությունում շուրջ 1,5 մլն հայերի դաժան սպանությունը՝ ճակատագիր, որից իմ պապը հազիվ կարողացավ խուսափել։

Սակայն հենց այստեղ է հայկական ողբերգությունը․ մինչ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է։ Հայերը կրկին էթնիկ զտման թիրախում են, քաղաքական առաջնորդներն անօրինական կերպով գերի են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի' Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից։

Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար և բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Երեք տարի առաջ նախագահ Բայդենը դարձավ առաջին ԱՄՆ նախագահը, ով պաշտոնապես ճանաչեց այն, ինչը հաճախ կոչվում է 1915-ի «մոռացված ցեղասպանություն»՝ միանալով տասնյակ այլ երկրների ու համաշխարհային կազմակերպությունների։ Սակայն ի՞նչ արժեք ունի բռնի տեղահանումն ու մահը ճանաչելը, եթե մենք թույլ ենք տալիս, որ այդ նույն դեպքերը նորից կրկնվեն։ «Հայոց ցեղասպանությունը» պարզապես կարգախոս չէ, այն իրական, հուսահատ սպառնալիք է։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն առաջ են մղում Հարավային Կովկասում խաղաղությունն ու նոր կարգերը։ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է հետաքրքրված լինեն նույն արդյունքով։ Այդուհանդերձ, ինչպես ներկայիս պատերազմը հիշեցնում է Մերձավոր Արևելքում, դժվար է հասնել խաղաղության կամ պահել այն, եթե այն ամբողջությամբ հիմնված չէ արդարության վրա։ Պարտադրված խաղաղությունն առաջնահերթ համարելը միայն կերկարաձգի հակամարտություններն ու կխոչընդոտի տարածաշրջանի զարգացմանը։

Սա մի մղձավանջ է, որին աշխարհը կարող է վերջ տալ։ Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը, թե խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, և՛ անօրինական է, և՛ անարդար։

Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր թշնամական դիրքորոշումը, միջազգային հանրությունը պետք է գործի անցնի՝ պաշտպանելու հայերի իրավունքներն ու ճանաչելու Հայաստանի ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը նաև պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, որոնք անօրինական կերպով պահվում են վերջին տարիներին։

Ադրբեջանը ցանկանում է դառնալ համաշխարհային առաջնորդ, սակայն այդ ամենն իր հետ պատասխանատվություն է ենթադրում։ Հաջորդ տարի Բաքուն հյուրընկալելու է ՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթնաժողովը՝ COP-26-ը։ Ադրբեջանի ընտրությունը հակասական էր նավթի և գազի վրա հիմնված իր տնտեսության և մարդու իրավունքների հարցում բացասական ցուցանիշների պատճառով։ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ արժանի է այս վստահությանը։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր․ «Ցեղասպանություն» եզրույթն ինքնին ստեղծվեց հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից, ում մտածելակերպի վրա ազդել էր այն ամենն, ինչ նա, որպես իրավաբանության ուսանող, սովորել էր պատմության այս մութ էջերի մասին։ Այժմ, նոր ցեղասպանության շեմին, շատ քիչ բան է արվում։ Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է։ Ժամանակն է քայլ անելու՝ կանխելու ապագայի կոտորածները»։