Սենատոր Բերնի Սանդերսը հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Հավայի նահանգում դեմոկրատների կուսակցական ժողովներում։ Այդ մասին հայտնել է AP գործակալությունը։
Մարտի 26-ին Հավայի, Վաշինգտոն և Ալյասկա նահանգներում անցկացվել է ազգային համագումարի պատվիրակների ընտրություններ։ Նրանք պետք է պաշտոնական թեկնածու առաջադրեն նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Վաշինգտոնում և Ալյասկայում քվեարկությունների արդյուքնենրով նույնպես հաղթել է Սանդերսը։ Դեմոկրատական կուսակցության տեղական շտաբի համաձայն՝ Վաշինգտոնում սենատորին աջակցել է ակտիվիստների 72%-ը, իսկ նախկին պետքարտուղարին՝ 28%-ը։ Ալյասկայում 74-ամյա Սանդերսի առավելությունն ավելի զգալի է եղել՝ 82%-ը 18%-ի դիմաց։ Այդ արդյունքների համամասնությամբ էլ թեկնածուներից յուրաքանչյուրն ստացել է ապագա կուսակցական համաժողովի մասնակիցների ձայները։ Վաշինգտոնը հուլիսին կայանալիք համաձգային համագումար կուղարկի 118, Հավայի նախանգը՝ 34, իսկ Ալյասկան՝ 20 պատվիրակ, ներառյալ «գերպատվիրակները», որոնք են կուսակցական աշխատողները և Կոնգրեսի անդամները։
Սակայն, չնայած վերջին հաղթանակներին, Սանդերսին, ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկների, չի հաջողվի հասնել Քլինթոնին։ Մինչև մարտի 26-ը նախկին պետքարտուղարն ստացել էր ապագա համագումարի 1691, իսկ սենատորը (Վերմոնտ նահանգ)՝ միայն 949-ի։ Փորձագետների գնահատմամբ՝ ընդհանուր հաղթանակի հասնելու համար Սանդերսին անհրաժեշտ է մնացած նախնական ընտրություններում իր ճամբար բերել պատվիրակների 60%-ին, իսկ դա գործնականում անհնար է։ Հարցումների տվյալներով՝ Քլինթոնը նախկինի պես դեմոկրատ-ընտրողների շրջանում ժողովրդականությամբ առաջ է ինչպես առանձին նահանգների, այնպես էլ՝ ամբողջ երկրի հաշվարկով։