Երեկ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ից մինչ այսօր բարեկամները, ընկերները և կոլեգաները տեղեկություններ չունեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի մասին:

 

Նրա՝ անհետ կորելու մասին ոստիկանությունում երեկ երկու հայտարարություն է տրվել, մեկը՝ բարեկամների, իսկ մյուսը՝ նրա գործատու, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել՝ ինչ նոր մանրամասներ կան Կարեն Վարդանյանի գործից: Մալխասյանն ասաց, որ ոստիկանությունը համապատասխան գործունեություն է իրականացնում, իսկ այն հարցին, թե հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, ասաց. «Ոստիկանությունը հաղորդում է ստացել»:

 

Այդպես էլ մեզ համար պարզ չդարձավ ի վերջո հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ:

 

Մեր տեղեկություններով՝ Կարեն Վարդանյանի ընկերները բացել են Կարենի ֆեյսբուքյան էջը, փորձել են գոնե նամակագրությունների միջոցով ինչ-որ բան պարզել, սակայն ապարդյուն. նամակագրություններում գործի ընթացքին օգնող ոչ մի բան չի եղել:

 

Նշենք, որ Կարեն Վարդանյանը երկար ժամանակ աշխատել է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ, եղել է նրա օգնականը, այնուհետև քաղաքական անցուդարձի վերաբերյալ հոդվածներ էր գրում էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի համար, իսկ վերջին շրջանում փորձագետ էր աշխատում:

 

Կարեն Վարդանյանը մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է: Նա ՀՀ հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղարն է, 9 տարի առաջ առաջադրվել էր որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Սահմանադրական հանրաքվեից օրեր առաջ նա հեղինակեց «Սահմանադրության փոփոխություններ. ռիսկերը և վտանգները» գրքույկը: