Մեր երեխաներն այնպես էին ցնցել բոլորին, որ մրցաշարի փակման արարողությունից հետո շախմատային աշխարհի տարբեր ներկայացուցիչների հրավերով հանդիպումներ ունեցանք: Այս մասինԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը:
Խոսելով մրցաշարի ընդհանուր մթնոլորտի մասին՝ Վարազդատյանն ասաց.
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջին անգամ էինք նմանատիպ փառատոնին մեկնում ինքնաթիռով: Միշտ մեկնել ենք ավտոբուսով, ինչը գերհոգնածության պատճառ է դարձել: Հյուրանոց ժամանեցինք մրցաշարի մեկնարկից 1 օր առաջ, այնտեղ մեզ միացան նաև մեր մյուս սաները՝ Մարիա Ալավեդյանն ու Դավիթ Հարությունյանը: Երեկոյան կազմակերպված նախապատրաստական մարզումից հետո պարզ դարձավ, որ երեխաներն ամբողջությամբ պատրաստ են մրցաշարին: Ընդհանուր առմամբ, մրցաշարն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ և ընթացավ շատ ջերմ մթնոլորտում»:
Այն հարցին, թե արդյո՞ք բարդ էին պարտիաները մերոնց համար, տնօրենը հավելեց.
«Պարտիաներից հատկապես կարելի է առանձնացնել Գրիգոր Օսիպյանի պարտիան Պորտուգալացի վարպետության թեկնածու 46-ամյա Ֆաբիանո Ֆանայի հետ: Մենք շատ ժամանակ էինք ծախսել այդ պարտիային պատրաստվելու համար, և արդյունքը շոշափելի էր. 9-ամյա երեխան հաղթեց իր մրցակցին…
Մարիա Ալավերդյանը նույնպես ամենավճռական պարտիայում գերազանց հանդես եկավ և հաղթեց մրցակցին…
Դավիթ Հայրապետյանն 1-ին անգամ էր մրցաշարի մասնակցում և 5 հնարավորից 2 հաղթանակ տոնեց, ինչը շատ գովելի է նրա պարագայում»:
Նարեկ Վարզադատյանի հետ խոսեցինք նաև այն մասին, թե ի՞նչ գնահատանքի արժանացան մեր փոքրիկները Մոսկվայում՝ մասնագետների կողմից: Դպրոցի տնօրեն նշեց.
«Մեր երեխաներն այնպես էին ցնցել բոլորին, որ մրցաշարի փակման արարողությունից հետո շախմատային աշխարհի տարբեր ներկայացուցիչների հրավերով հանդիպումներ ունեցանք: Ընթացքում քննարկվեցին շախմատի զարգացման հետ կապված հարցեր, հանդիպեցինք մի շարք ճանաչված մարզիչների, դպրոցի տնօրենների և ֆեդերացիայի ազդեցիկ մարդկանց հետ: Արդյունքում ոչ միայն արժանացանք բարձր գնահատանքի, այլ նաև հրավեր ստացանք աշխատելու մոսկովյան դպոցներից մեկում: Երբ տեղեկացան, որ ինքս էլ Երևանում շախմատի դպրոցի տնօրեն եմ, հետևեց մեկ այլ առաջարկ՝ բացառիկության ժանրից: Առաջարկվեց աննախադեպը՝ Մոսկվայում բացել «Նարվա» շախմատի դպրոցի մասնաճյուղը և լինել միակ շախմատի դպրոցը, ով մասնաճյուղ կունենա Մոսկվայում: Առաջարկը քննարկեցինք և եկանք համաձայնության, ինչի հետ կապված մոտ օրերս ևս 1 ուղևորություն տեղի կունենա դեպի Մոսկվա՝ դպրոցի մասնաճյուղի բացումը հնարավորինս արագացնելու համար:
Հուրախություն ռուսաստանաբնակ հայերի՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաշված օրեր են մնում դպրոցի բացմանը և բոլորին հրավիրում եմ «Նարվա» շախմատի դպրոց՝ պարապելու և տոնելու նորանոր հաղթանակներ»:
Իսկ թե մրցաշարում հաղթանակները նպաստեցի՞ն արդյոք այլ հրավերներ ստանալուն, Վարազդատյանը հավելեց.
«Հրավերները հաջորդում են մեկը մյուսին, չնայած ֆինանսական շատ լուրջ խնդիրներ ունենք: Պլանավորվում է 2 ամսից Վորոնեժում մասնակցել Ալյոխինի հուշամրցաշարին, ինչը շատ լուրջ կազմ է հավաքագրում ամեն տարի, որտեղ հանդես են գալիս բազում գրոսմայստերներ և միջազգային վարպետներ: Դրա ավարտից հետո կքննարկենք Ջերմուկի միջազգային պատանեկան մրցաշարի մասնակցության հարցը, քանի որ առավել հզոր մրցաշարի հրավեր ունենք Վրաստանից: Ներկայումս մեր ուշադրությունը սևեռված է Մոսկվայում դպրոցի մասնաճյուղ բացելուն, ինչը բացառիկ կլինի հայկական շախմատի համար»: