Վերջին շրջանում ակտիվ պայքար է տարվում կոռուպցիոն երևույթների դեմ, որից անմասն չի մնացել նաև կրթական ոլորտը: Շատ հաճախ կեղծ գիտելիքներով ու անորակ կադրերով համալրելով կրթական համակարգը՝ աղտոտվում է մարդկային պոտենցիալը:

Կրթական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների, հովանավորչության դեմ պայքարի մասին ԼՈւՐԵՐ.com-ը հերթական ահազանգն էր ստացել: Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Դարիկո Ադամյանը պատմել էր դպրոցում տիրող անառողջ միջավայրի մասին, ինչն ապահովում է դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Սևանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ աշխատելով այստեղ՝ անցկացրել է վախի մթնոլորտում, և հիմա, քանի որ իշխանափոխություն է եղել, որոշել է բարձրաձայնել այդ մասին: 

 

Վերջինիս սպասումներն, ի վերջո արդարացել են. Ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և ընդունվել վարույթ:

Պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2012թ. սկսած իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական և այլ շահագրգռվածությունից ելնելով դպրոցի մեթոդ-միավորման նախագահների միջոցով ուսուցչական կոլեկտիվից տարբեր տոնական օրերի կապակցությամբ պարբերաբար հավաքագրել է 5 000-10 000-ական դրամ գումարներ, որն էական վնաս է պատճառել ուսուցչական կոլեկտիվի, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի իրավունքներին և օրինական շահերին: