2002 թվականի փետրվար ամսից, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն սկսեց իր գործունեությունն Արցախում։ Ընկերության հիմնադիր Պիեռ Ֆատտուշի ղեկավարությամբ, ընկերությունը պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը Լեռնային Ղարաբաղում՝ ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը և ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ: «Ղարաբաղ Տելեկոմն» Արցախում մենաշնորհային դիրք ունի, միակ բջջային օպերատորն է։ Արցախի կառավարության հետ պայմանագիրը կնքվել է 25 տարով։ Այս հանգամանքն ընկերության անվան շուրջ բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ըստ այդմ՝ ընկերությունը գերշահույթ է ստանում, չարաշահում է մենաշնորհային դիրքը և այլն: Այս և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ։

 

 

- Պարո՛ն Օդաբաշյան, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն այս տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցել Արցախում կապի որակը բարելավելու գործում:



- Գիտեք՝ կապի և հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ անմիջականորեն և մշտապես առնչվում է բաժանորդին: Հետևաբար, ընկալումները և գնահատականները հիմնականում ձևավորում են հենց բաժանորդները:

 

 

Մենք աշխատում ենք՝ մեր հիմնական առաքելությունը աչքի առջև ունենալով. այն է՝ զարգացնել, ընդլայնել և արդիականացնել հեռահաղորդակցության ոլորտը ԼՂՀ-ում: Եվ հպարտությամբ կարող եմ փաստել, որ չնայած Արցախի բարդ աշխարհագրական դիրքին և ռելիեֆին՝ մենք արդյունավետորեն ապահովում ենք բջջային և համացանցային ծածկույթը հանրապետության գրեթե ողջ տարածքում:

 

 

Ներկայումս բնակչության 98 տոկոսը համացանցի հասանելիություն ունի, իսկ բջջայինի՝ 100 տոկոսը:

 

 

- Արցախում կապի որակը բավարար համարո՞ւմ եք:



- Ծառայությունների ոլորտը բնույթով չափազանց շարժունակ է, ինչը պահանջում է անընդհատ մշտադիտարկում և վերանայում: Իսկ քանի որ այդ ծառայությունների իրական հասցեատերը բաժանորդն է, ուրեմն, գործը նաև պահանջում է անընդհատ կատարելագործում և որակի բարելավում: Ընդհանրապես, որակը հարաբերական տերմին է: Եթե համեմատելու լինենք անցյալի հետ, բավականին բարելավել ենք որակը, եթե համեմատենք բազմաթիվ երկրների որակի հետ, ապա բավարար է: Ժողովրդի կարծիքն էլ հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ բավարար է: Ամեն դեպքում երբեմն տեխնիկական մանր հարցեր են ծագում, որոնք արագ լուծումներ են ստանում: Սակայն դրանք ընդհանուր որակի վրա ազդեցություն չունեն:

 

 

Այս համատեքստում մեր աշխատանքները կարելի է բաժանել երկու հիմնական մակարդակի՝ ներքին և արտաքին, որոնք անհրաժեշտաբար փոխլրացված են: Դրանք ենթադրում են ինչպես ներկազմակերպական աշխատանքների, ծառայությունների մատուցման կատարողականի շարունակական բարելավում, այնպես էլ՝ կառուցվածքային կոնսոլիդացման և ենթակառուցվածքային արդիականացման տարբեր միջոցառումներ:

 

 

Այդ առումով, շարունակաբար բարելավում ենք ծառայությունների որակը՝ ոչ միայն ըստ իրավիճակի, այսինքն՝ բաժանորդի աճող պահանջմունքների բավարարման տեսանկյունից, այլ նաև նախաձեռնողական կերպով զարգացնում ենք ծառայությունների որակի անընդհատ բարելավման մշակույթը:

 

 

- Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում Հայաստանից Արցախ զանգերն առանց ռոումինգի կատարելու ուղղությամբ:



- Անշուշտ, Հայաստանը և Արցախը մեկ հայրենիք, բայց երկու անկախ պետություններ են: Եվ քանի որ գործ ունենք փաստացի երկու առանձին պետությունների հետ, ապա, ըստ միջազգային բջջային կապի ասոցիացիայի պահանջների և թույլտվության պայմանների, մի տարածքում գործող օպերատորներից օգտվող բաժանորդները մեկ այլ տարածքում շարունակում են կապի մեջ մնալ միայն միջազգային ռոումինգ կապի միջոցով: Սրանք հաստատուն կանոններ են միջազգային հեռահաղորդակցության համակարգում: Ուստի, ներկայումս ռոումինգը հնարավոր չէ վերացնել, քանի դեռ երկու հանրապետություններում գործում են տարբեր օպերատորներ:

 

 

Այդուամենայնիվ, մենք մշտապես աշխատել ենք ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Շուրջ երեք տարի առաջ «Ղարաբաղ Տելեկոմի» և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև բանակցությունների արդյունքում հաստատվեց ռոումինգի 45 ՀՀ դրամ/րոպե սակագինը (ներառյալ ԱԱՀ):

 

 

Այնուհետև, «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ՝ «ԱրմենՏելի» և «Օրանժի» հետ բանակցություններ սկսվեցին՝ նպատակ ունենալով ապահովել ռոումինգի ծառայությունների նույն պայմանները, որ գործում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում: Երկու տարի տևած բանակցությունների արդյունքում, փաստորեն, անցած տարվա սկզբից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները ՀՀ տարածքում (նախկին 232 (հետվճարային) և 235 (կանխավճարային) ՀՀ դրամ/րոպե սակագների փոխարեն), այժմ խոսում են 45 ՀՀ դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ): Մենք, ՀՀ մեր գործընկերների հետ համատեղ, մշտապես դիտարկում ենք ռոումինգի սակագների վերանայման հնարավորությունը:

 

 

- Դժգոհություններ կան, որ ընկերությունը չարաշահում է մենաշնորհային իր դիրքը և բարձր սակագներ է սահմանում՝ ստանալով գերշահույթ: Ինչպե՞ս կբացատրեիք դա:



- Չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք՝ գերշահույթ ասելով: Մենք դիմում ենք հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ սակագները հաստատելու համար: Մեր հայտերը ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, և հաստատվում հիմնավորված ու ռացիոնալ սակագներ: Մեր սակագները խիստ կախվածություն ունեն Արցախի ռելիեֆից և բնակչության խտությունից: Մեր ռելիեֆը բավականին բարդ է, իսկ բնակչությունը խիտ է բնակված միայն Ստեփանակերտում և որոշ չափով շրջկենտրոններում:



Փորձում ենք մեր աշխատանքը հնարավորինս թափանցիկ իրականացնել, որպեսզի գործունեության բոլոր ոլորտների կողքին, մեր բաժանորդները կարողանան գնահատել ընկերության շահույթի չափը նույնպես: Մեր հաշվետվողական և թափանցիկ քաղաքականության միջոցով՝ կառավարությունը և բաժանորդներն իրենք հնարավորություն ունեն վերահսկելու, թե որքանով ենք իրագործում մեր ստանձնած պարտավորությունները և որքան ծախսեր ու եկամուտներ ենք ունենում ամեն տարի: Արդյունքում կհամոզվեք, որ բավականին ցածր շահութաբերությամբ է աշխատում ընկերությունը, ինչը վառ ապացույցն է այն բանի, որ այն չի չարաշահում մենաշնորհային դիրքը:



- Հայտնի է, որ ընկերությունը Արցախում մենաշնորհային դիրք ունի: Դա չի՞ խանգարում կապի որակի բարելավման հարցում, քանի որ չկա մրցակցություն:



- Մենաշնորհը չի նշանակում ստանձնած պարտավորությունների հարցում թերացում: Եթե մենք բջջային և համացանցային կապով ապահովել ենք Արցախի գրեթե ողջ տարածքը, եթե տարեցտարի բարելավվում է մատուցված ծառայությունների որակը և նվազում դրանց դիմաց սակագները, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Մենք ԼՂՀ կառավարության առջև ունենք ստանձնած պարտավորություններ, ինչպես հանրապետության ամբողջ տարածքը կապով ապահովելու, այնպես էլ այն որակյալ ու մատչելի դարձնելու առումով: Ըստ նախանշված ծրագրի՝ մենք այն իրականացնում ենք:

 

 

- Մեր մրցակիցն ու վերահսկողը կառավարությունն ու բաժանորդներն են, քանի որ նրանք ունեն համապատասխան հնարավորություններն ու գործիքները կապի որակի բացերը մատնացույց անելու և պահանջելու լուծումներ: Ավելին՝ յուրաքանչյուր ընկերություն պետք է շահագրգռված լինի առավելագույնս բավարարելու իր բաժանորդների պահանջմունքները, այլապես ինքն իրեն կվնասի: «Ղարաբաղ Տելեկոմը» շարժվում է գործարար աշխարհի այդ ճշմարտությամբ, ինչն արդեն, ի լրումն կառավարության և քաղաքացիների վերահսկողական լծակների, երաշխավորում է ընկերության՝ որակի բարելավմանը միտված շարունակական ջանքերի առկայությունը:

 

 

- Կարող եք մատնանշել մի քանի ձեռքբերումներ և բացթողումներ:



- Մենք մեծապես կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները՝ ապահովելով նորարարական և մշտապես թարմացվող ծառայություններ մեր բաժանորդների համար: Ըստ այդմ՝ նոր ծառայություններ նախաձեռնվում են բոլոր՝ բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայության, այդ թվում՝ օպտիկամանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության (Wi-Fi), ինչպես նաև՝ շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) ապահովման ուղղություններով:

 

 

Եթե 2011 սկզբին Արցախում համացանցի արագությունը կազմում էր ընդամենը 170ՄԲ վայրկյանում, ապա այսօր այն վայրկյանում կազմում է 4.7ԳԲ: Այսինքն, 5 տարում մոտ 28 անգամ ավելացել է մատակարարվող համացանցի արագությունը: Նույն ժամանակահատվածում մոտավորապես կրկնակի աճել է նաև բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը: Դրան զուգահեռ՝ զգալիորեն նվազել են սակագները թե՛ բջջային, թե՛ համացանցի կապերի մատակարարման համար: Թվերը խոսուն են, սակայն, մյուս կողմից, հասկանում ենք, որ միշտ էլ բաժանորդները ավելի ու ավելի ցածր սակագներ են ակնկալում. դա բնորոշ է բոլոր մարդկանց: Իսկ ահա «Ղարաբաղ Տելեկոմը», լինելով շահույթ հետապնդող ընկերություն, ունի սակագների իր նվազագույն շեմը, որից հետո ձեռնտու չէ ծառայություններ մատուցել: Սա էլ կհամարեի գլխավոր խնդիրը, որը, սակայն, օբյեկտիվ գործոններով է պայմանավորված:

 

 

Նշված ցուցանիշներից պարզ երևում է, որ «Ղարաբաղ Տելեկոմը» մեծ ներդրումներ է կատարել համացանցի ընդլայնման ուղղությամբ:

 

 

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Արցախի լեռնային ռելիեֆը, որտեղ էլեկտրասնուցումն ու ճանապարհային պայմանները սահմանափակ են, ընկերությունը զգալի դժվարությունների է առերեսվում, որոնք բարձրացնում են սպասարկման ինքնարժեքը: Ցավոք, ծառայության խափանումներն ավելի հաճախ են տեղի ունենում, քան ցանկալի է: Այնպիսի դեպքերը, ինչպիսիք են եղանակային անբարենպաստ պայմանները, կողմնակի անձանց կողմից մալուխային գծի վնասումը և այլն, բացասաբար են անդրադառնում մեր կողմից մատուցվող համացանցային կապի ծառայությունների որակի վրա: Բացի այդ, երբեմն այդպիսի խափանումների պատճառ են հանդիսանում նաև հանրապետության սահմաններից դուրս տեղի ունեցած վթարները: Այդ իսկ պատճառով մենք անընդհատ հետևում ենք մեր բոլոր ցանցերին՝ նպատակ ունենալով ստեղծել պահուստային պայմաններ և հուսալիություն՝ երրորդ կողմի ազդեցության ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար:

 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի