Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Crossnews.am կայքը հրապարակել էր իտալացի քաղաքական և պետական գործիչ Մատտեո Ռենցիի խոսքը՝ «Երկու տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մաշկի տակ միկրոչիպ կունենա»: Միանգամայն տեղին է այն նկատառումը, որ Մատտեո Ռենցին մի ինչ-որ խելագար չէ, նա բավական հայտնի քաղաքական ու պետական գործիչ է: Նա այդ հայտարարությունը կատարել է 2015 թ. հունիսի 12-ին, երբ հավանություն է տրվել ամերիկյան բազայի օրինագծին և բոլոր իտալացիների մաշկի տակ միկրոչիպերի տեղադրմանը: Այն ժամանակ շատ մարդիկ թերահավատությամբ վերաբերվեցին այս տեղեկատվությանը, բայց հավանաբար իզուր, քանի որ Եվրոպայում մարդկանց առաջիկայում չիպավորելու մասին լուրը վերջերս նոր հաստատում է ստացել:


Այժմ, երբ կա համապատասխան առիթը՝ մարդկանց մաշկի տակ չիպերի տեղադրման վերաբերյալ նոր տեղեկատվություն, ավելորդ չենք համարում մեջբերել Մատտեո Ռենցիի հայտնածը ներկայացնող վերոնշյալ տեղեկատվությունը.

 

«Սկզբում ԱՄՆ-ն, հետո Շվեդիան, Իտալիան երրորդ երկիրը կլինի, որ միանում է մաշկի տակ միկրոչիպերի տեղադրման ծրագրին: Ըստ Ռենցիի՝ արդեն 2016թ. միկրոչիպերով «պատվաստված» կլինեն բոլոր նորածինները, պետական ծառայողները:


Այնուհետև՝ 2017թ. ընթացքում միկրոչիպերով կպատվաստվի արդեն երկրի ողջ բնակչությունը: Իսկ 2018 թվականից սկսած՝ ովքեր հրաժարվեն չիպի տեղադրումից, նրանց հանդեպ կկիրառվեն ծանր պատժամիջոցներ. սկսած 3000 եվրո չափով տուգանքից, մինչև 6 ամսվա բանտարկություն:

 

Միկրոչիպը հիմնվում է RFID-ի վրա (ռադիոհաճախականության նույնականացում), որը նաև ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական կենդանիների վրա: Յուրաքանչյուր մարդու մասին տեղեկությունները պահվելու են տվյալների պահեստում, որը կապված կլինի միկրոչիպի հետ, որն էլ իր հերթին ամեն օր հավաքելու է մարդու յուրաքանչյուր գործողության ու տեղափոխման մասին տեղեկություններ:

 

Հայտնում են, որ տեղադրվող չիպը նույնպես օգտակար կլինի առողջապահության բնագավառում՝ համարվելով «առողջության քարտ», որը կօգտագործվի անկանխատեսելի իրադարձությունների դեպքում: Հատկապես այդ նորամուծությունն օգտավետ կլինի մենակյաց մարդկանց համար, ովքեր կկարողանան հատուկ հրահանգի օգնությամբ շտապ օգնություն կանչել հանկարծահաս հիվանդության դեպքում»:

 

Այս տեղեկատվությունը հրապարակելուց հետո հիշյալ կայքը հանդես էր եկել նաև հետևյալ հետգրությամբ.

 

«Ի՞նչ է սա, աստվածաշնչյան զգուշացումների իրականացո՞ւմ, թե՞ հերթական տեխնիկական զարգացվածության քայլ, ցույց կտա ժամանակը: Թեև ժամանակը միշտ ապացուցում է, որ Աստվածաշնչյան ճշմարտություններն ու զգուշացումներն ավելի քան իրական են…Նմանատիպ նյութերը թող ոչ թե խուճապի առիթ լինեն մեզ՝ քրիստոնյաներիս համար, այլ մտորելու…»:


Այո, լիովին համամիտ ենք մեր գործընկերների հետ՝ այս մասին հրապարակվող տեղեկությունները քրիստոնյաներիս համար ոչ թե խուճապի առիթ պետք է լինեն, այլ մտորելու, հավելենք նաև՝ զգուշանալու ու զգոն լինելու…

 

Հիմա անդրադառնանք 3 օր առաջ հրապարակված նոր տեղեկատվությանը: Ըստ այդմ, «Վերջերս ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է եվրոպացիներին: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն: Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը:


Այս չիպը նույնն է, ինչ GPS սենսորը, և ունի փոքր մարտկոց, որն անհրաժեշտ կլինի փոխել երկու տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններում:

 

Չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին և ամբողջությամբ կուղարկեն երեխայի ծնողների, բժիշկների հեռախոսներին և թաբլեթներին, այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետևել երեխայի առողջությանն իրական ժամանակում:

 

Մարդկանց մեծամասնությունը դեռևս չի կարողանում ընդունել այս փաստը, սակայն այս չիպերի օգտագործումը մարդկանց վրա արդեն իսկ հաստատվել է Միացյալ Նահանգների Սննդի և դեղորայքի վարչության կողմից»:

 

Այս տեղեկատվությունից անհայտ է մնում, թե Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ այդչիպերը կամավորությա՞ն սկզբունքով են տեղադրվելու, թե՞ կամավոր-պարտադիր սկզբունքով՝ ծնողներին տուգանքների միջոցով կամ այլ կերպ հարկադրելով գնալ այդ քայլին:

 

Հայաստանում մարդկանց մաշկի տակ դեռ չիպեր չեն դնում, և հուսանք, որ երբեք էլ բանը դրան չի հասնի, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած մեր ժողովուրդը դա ուղղակի թույլ չի տա: Հասարակական գործիչ, ժամանակին իր համախոհների հետ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորումը» ստեղծած Խաչիկ Ստամբոլցյանի և շատ ուրիշների կարծիքով, մեր երկրի բնակչությանը տարիներ առաջ պարտադրված սոցիալական ապահովության քարտերը, այժմ պարտադրվող նույնականացման քարտերը (երկուսն էլ նաև միտված հասարակության էլեկտրոնային համապարփակ վերահսկողությունն ապահովելուն), կանխիկ դրամաշրջանառության աստիճանական կրճատումը՝ վիրտուալ փողի, էլեկտրոնային առևտրի անցնելու միջոցով, նախերգանքը կամնախապատրաստական գործողություններն են ապագայում մարդկանց չիպավորման ու դրա միջոցով գազանի դրոշմը պարտադրելու:

 

Սակայն, հասարակական գործչի համոզմամբ, եթե Հայաստանում բանը դրան հասնի, շատ մարդիկ սովից կմեռնեն, բայց կհրաժարվեն այդ չիպերից ու գազանի դրոշմից: Շատ մարդիկ արդեն համոզվել են, որ քարտերի պարտադրումը վտանգավոր նախագիծ է, այս գործընթացը սպառնում է ամբողջ երկրագնդի բնակչությանը, իսկ չիպավորման վերաբերյալ արդեն նույնիսկ ֆիլմեր կան:

 

Խ. Ստամբոլցյանի տեղեկացմամբ, համեմատաբար վերջերս Լոնդոնից ստացել է մի տեսահոլովակ, որը վկայում Եվրոպայում սկսված նոր շարժման մասին: Մոտ քառասուն երիտասարդներ գիրք են գրել՝ ներկայացնելով գրեթե բոլոր վտանգները, գիրքը մեծ տպաքանակով տպագրվել ու տարածվում է Եվրոպայում: Նրանք հայտարարում են, որ եթե նույնիսկ սովից մեռնեն, չեն վերցնի այդ չիպը: Խաչիկ Ստամբոլցյանն այդ տեսահոլովակը թարգմանում է հայերեն, որպեսզի տարածի սոցիալական ցանցով, փորձելու է նաև պայմանավորվել գոնե մեկ-երկու հեռուստաընկերության հետ, որպեսզի ցուցադրեն այն:

 

Ըստ հասարակական գործչի՝ եթե այս գործընթացի դեմը չառնվի, մարդկանց մաշկի տակ դրվելիք չիպն ապագայում դառնալու է նրա աշխատանքային բանալին, ներառելու է բանկային ծածկագիրը, եթե չիպը հանկարծ «փակեն», մարդն իր հիմնարկ էլ չի կարողանալու մտնել, բանկային համակարգից չի կարողանալու օգտվել, աշխատավարձ, թոշակ, նպաստ չի կարողանալու ստանալ, այսինքն՝ միանգամից դառնալու է «իզգոյ»:


«Սոցիալական, իսկ այժմ նույնականացման քարտերից ոմանց հրաժարվելը ոչ թե կամայականությամբ է պայմանավորված, այլ այդ մարդկանց կրոնական համոզմունքներով»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ըստ նույնականացման քարտերից հրաժարվող քրիստոնյաների, դրանց պարտադիր լինելով ու մարդկանց համարակալմամբ իրականություն է դառնում բնակչության համընդգրկուն էլեկտրոնային վերահսկողությունը և հող է նախապատրաստվում հետագայում մարդկանց ձեռքի ու ճակատի մաշկի տակ Գազանի թիվը' 666-ը պարունակող միկրոչիպերի տեղադրման համար:

 

«Համաշխարհային կառավարության (Նեռի՝ հակաքրիստոսի իշխանության), գլոբալիզացիայի մասին մենք հասկանում ենք Ավետարանը կարդալով,- ասաց Խ. Ստամբոլցյանը:- Հայտնության համաձայն, այդ ժամանակահատվածում մարդկանց պետք է համարակալեն, և այդ համարակալման մեջ պետք է լինի 666: Ի դեպ, այսօր արդեն բազմաթիվ չիպեր, շտրիխ կոդեր իրենց մեջ 666 են պարունակում: Աստված այդ թվի միջոցով մեզ բացատրում է, որ երբ այդ թվով մարդկանց կհամարակալեն, ուրեմն իմացեք, որ դա Նեռի գալուստն է նշանակում, և զգույշ եղեք, չմտնեք Նեռի իշխանության մեջ, որն իրականացնելու է տոտալ հսկում: Քանի որ Աստված մեզ ասել է Գազանի թիվը չվերցնեք, և ասել է' ով վերցնի, պետք է Աստծո բարկության բաժակից խմի մինչև մրուրը, մենք, որպես քրիստոնյա, չենք ուզում Աստծո կամքին դեմ գնալ և արժանանալ նրա բարկության բաժակին»:

 

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը կոչ է անում խուճապի չմատնվել:Սակայն, ըստ նրա, լավ է հիշել, որ մեզ նախապատրաստում են, որ վաղը մեզ էլ պարտադրեն, և կամ խաբեն, թե իբր բարի նպատակի համար են անում: Մինչդեռ, Ոսկանյանի ասելով, Հայտնության Գիրքը մեզ նախապես է զգուշացրել, որ Համաշխարհային չարը, նույն ինքը' կեղծ քրիստոսն իր կեղծած քրիստոնեությամբ պիտի մեծերին և երեխաներին, հարուստներին և աղքատներին պարտադրի 666 թվով իր կնիքը, առանց որի անկարելի պիտի դարձվեն գնումներն ու վաճառքները: Մ. Ոսկանյանի տեղեկացմամբ, Հայաստանով մեկ այսօր ստորագրահավաք է, որպեսզի քարտավորումը, այսինքն՝ վաղվա չիպավորումը, մեր երկրում գոնե դարձվի կամավոր:


Արթուր Հովհաննիսյան