Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգ տարի առաջ իր առջև դրված նպատակներից որո՞նք կարողացավ իրականացնել, ասաց. «Մեզ հաջողվեց նորմալ հուն վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները»: Այսպիսով, ըստ Սերժ Սարգսյանի, մինչև այդ բանակցություններն ընթանում էին աննորմալ հունով:

Այսինքն' Սերժ Սարգսյանն անուղղակիորեն քննադատեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության շրջանում, փաստորեն, ղարաբաղյան բանակցություններն ընթանում էին աննորմալ հունով: Որպես իր ասածի ապացույց, Սարգսյանը հիշեցրեց, որ մեկուկես տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին առաջարկությունների փաթեթ, որը մերժվեց Ադրբեջանի կողմից: Մինչդեռ Հայաստանը համարում էր, որ այդ առաջարկների ընդունման դեպքում հնարավոր էր արժանապատվորեն եզրափակել պայքարի այս փուլը: