«Ովքեր են մարտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները. սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչայանը չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008 թվականի մարտի օրերին, իսկ նրանց ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարար հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամանով, հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ՀՀ 10 քաղաքացիների սպանությունները քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում սգի օր հայտարարելու առիթ չհայտարարել»,-ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով' այս դահլիճում նստում են մարդիկ, ովքեր կապ ունեն մարտիմեկյան սպանություների կազմակերպման և իրագործման հետ և նկատեց, որ հենց այդ պատճառով էլ ինքը դուրս եկավ դահլիճից' չհարգելով ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը՝ հարգել 10 զոհերի հիշատակը։

 

«2008 թվականի մարտի մեկը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որն իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ։ Ժողովուրդը, քաղաքացին ընդվզեց Հայաստանում հաստատված ամենաթողության, լկտիության, թալանի դեմ»,-ասաց նա։

 

ՀԱԿ պատգամավորը թվարակեց աղմկահարույց միջադեպերը, որոնք իրավական պատիժ չեն ստացել: Դրանցից էին Մարտի մեկից առաջ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանի դեպքը, որից հետո ընդամենը «Կուկու» անունով թիկնապահը ստացել էր պայմանական դատավճիռ։ Հետո անդրադարձավ «Օդնակլասնիկի» սրճարանում Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորի կողմից ծեծելով սպանված ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբայանին և նշեց, որ պատգամավորը մինչև օրս գտնվում է ազատության մեջ, իսկ «ձևական դատապարտվեցին» նրա երկու թիկնապահները։

 

Ապա' անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբոր տղայի' Երևանի կենտրոնում կրակոցներին, այնուհետև Ռոբերտ Քոչարյանի՝ կենտրոնի բնակիչներին «իրենց տներից դուրս շպտրելուն»: Փաշինյանը խոսեց նաև արագաչափերի մասին, Սերժ Սարգսյանի եղբորը մեղադրելով «արագաչափերի միջոցով ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 9 մլրդ դրամը գռփելուն ՝ ի բարօրություն սեփական զավակների, որ նրանք կարողանան Հյուսիսային պողոտայում 10 000 դոլարանոց ծաղկեփնջեր նվիրել իրենց սիրեցյալներին»։

 

«Ոմանց ակնհայտորեն շարունակում է թվալ, որ Հայաստանում չեն գտնվի մարդիկ, ովքեր կբարձրացնեն լկտիության, ամենաթողության, ցինիզմի նետած ձեռնոցը։ Պարոնա´յք իշխանավորներ, դուք սխալվում եք ձեր հաշվարկներում, Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ։ Չարժե անվերջ զբաղվել հանրության համբերությունը չափելով»,-ասաց Փաշինյանը։

 

«Եվ ուրեմն, Մարտի մեկի սպանությունները պետք է բացահայտվեն, իսկ սպանությունների կազմակերպիչները պետք է ենթարկվեն օրենսդրորեն սահմանված պատասխանատվության։ Սա մի հարց է, որ չի կարելի դնել քննարկման և սակարկության և Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ մենք հանգիստ աշխատանքային պայմաններում վերադառնանք այս օրակարգին»,-ասաց նա: