Լուրեր.com-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք պատճառ է նշել, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Հիմնավոր համարո՞ւմ եք այդ պատճառները:
-«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան» կարգավիճակով մարդ չեմ ճանաչում: Եթե նկատի ունեք այն մարդուն, ով Սերժ Սարգսյանի հետ գլխավորել է 1998, 2003, 2008թթ. պետական հեղաշրջումները, նրա հարցազրույցի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. Քոչարյանը քաղաքական պրոցեսներին իր մասնակցության կամ չմասնակցության առանցքային գործոն է համարում իր և Սերժ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը: Մինչդեռ տասը տարի շարունակ բոլոր նրանք, ովքեր հիշատակել են Քոչարյան-Սարգսյան զույգի ղարաբաղյան ծագումը, համարվել են ազգի երկու հատվածների միջև սեպ խրող: Կարծում եմ՝ Քոչարյան-Սարգսյան զույգը ինքն է մաքսիմալ ջանքեր գործադրել ազգի երկու հատվածների միջև սեպ խրելու համար, որպեսզի Հայաստանում իրագործի «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Հիմա արդեն կարող ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այս ազգային դավադրության համար:
Այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի հետ գործում են համատեղ և շարունակում են իրագործել դեռևս 1997 թվականին սկսած համատեղ գործը՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթելու և պահելու ուղղությամբ, և ամեն ինչ անելու են իրագործելու համար այն սցենարը, որ նկարագրել եմ «Երրորդ հանրապետության առաջին բաժանումը» հոդվածում (http://www.nikolpashinyan.com/?p=2375): Հենց այս նպատակի սպասարկմանն են ուղղված Քոչարյանի ընդդիմադիր light հայտարարությունները: Նա հայտարարում է, թե ներքաղաքական կյանքը Հայաստանում վերածվել է մանրածախ քաղաքական առևտրի: Մի՞թե սրանից չի կարելի եզրակացնել, որ Քոչարյանին հետաքրքրում է քաղաքական մեծածախ առևտուրը, որ Հայաստանում իրականացվել է մասնավորապես 1999թ. Հոկտեմբերի 27-ից հետո, 2003, 2008թթ. նախագահական ընտրություններում…
Քոչարյանը կրկին խոսել է իր նախագահությունից հետո Հայաստանում արտագաղթի ու տնտեսական ճգնաժամի խորացումից: Ռոբերտ Քոչարյանն ո՞ւմ և ի՞նչ է ուզում հասկացնել:
- Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իրականացրել են արտագաղթի քաղաքականություն և նրանց միջև որևէ տարբերություն չկա: Նրանց կողմից Հայաստանից քշվածները մինչև 2008 թվականը արտերկրից շատ փող էին ուղարկում Հայաստան, 2008-ից հետո սկսեցին քիչ ուղարկել: Օլիգարխիայի կերակրատաշտն, ըստ այդմ, 2008-ից հետո չէր լցվում իրենց անհրաժեշտ չափով: Սրա պատճառն այն էր, որ բազմաթիվ արտագաղթած հայաստանցիներ այլևս չցանկացան օլիգարխիային և իրենց ընտանիքներին կերակրել Հայաստանում, և իրենց ընտանիքներին տարան արտերկիր՝ իրենց մոտ: Օլիգարխիան, սակայն, սրանից սովամահ չեղավ, որովհետև սկսեց ժողովրդի անունից ու հաշվին միլիարդավոր դոլարների վարկեր վերցնել, որոնց մեծ մասը ծառայեց ընդամենը օլիգարխիայի վերարտադրությանը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չպետք է հույս ունենան, թե սրտաճմլիկ հարցազրույցներով կամ ելույթներով հանրության ուշադրությունը կշեղեն հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ինչպես նաև իրենց ընտանիքների՝ բազմամիլիարդ ունեցվածքի թեմաներից:
Դուք համաձայն ե՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է:
-Ես համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է անել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ապօրինի խունտան Հայաստանից արմատախիլ անելու, Հայաստանում ժողովրդավարություն, օրինականություն, ազատ տնտեսական մրցակցություն ապահովելու համար և առավելագույն ջանքեր եմ գործադրելու հանուն այդ նպատակների:
Գայանե Համբարձումյան