Ռոբերտ Քոչարյանի արձագանքն առկա ներքաղաքական իրավիճակին եւ նախագահի ընտրության գործընթացին բավական հակասական է: Այն կարծես թե համարժեքության եւ անհամարժեքության որոշակի սիմբիոզ է: Օրինակ, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է այն մասին, որ չի առաջադրվել երկու ղարաբաղցու պայքարից խուսափելու համար, այստեղ իհարկե նկատելի անհամարժեքություն է այն հասարակության եւ պետության հանդեպ, որի համար մտահոգության դիրքերից է հանդես գալիս երկրորդ նախագահը:

Բանն այն է, որ ակնարկելով «երկու ղարաբաղցիների» մասին, նա նրբորեն առաջ է բերում «ղարաբաղցիների» թեման ընդհանրապես, ենթատեքստում էլ փաստացի խրախուսելով «հայաստանածին» գործոնը, որ առաջ էր քաշել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանն իրեն «նույնականացնելով» Սերժ Սարգսյանի հետ որպես «ղարաբաղցի», փաստացի ինքնազոհաբերության գնով փորձում է հանրային բացասական նախատրամադրվածությունը խորացնել «ղարաբաղցիների վերարտադրության» համատեքստով:

Միեւնույն ժամանակ, դժվար է համարժեք չհամարել Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը երեք նախագահների պայքարի եւ դրան չմիջամտելու մասին՝ այն դիտելով որպես պետության եւ հասարակության համար վտանգավոր:

Դժվար է ասել, թե երկրորդ նախագահի այդ ձեւակերպումը որքանով է ընդամենը դեկլարատիվ քարոզչական հնարք, եւ որքանով իրավիճակի խորը գիտակցում, այդուհանդերձ առնվազն մակերեսի վրա այն համարժեք է ժամանակին, եւ Հայաստանը պետք է հաղթահարի երկիրը համակարգային կոլապսի հասցրած «երեք նախագահների» եռանկյունին:

Համարժեքությունն ու անհամարժեքությունը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում անցնում է կարդիոգրամայի նման, ինչպես միգրացիայի պատկերը, որն ըստ նույն հարցազրույցում Քոչարյանի արտահայտած մտքերի՝ տնտեսության առողջության կարդիոգրաման է:

Համարժեք ձեւակերպումներին հաջորդում են երկրորդ նախագահի ոչ համարժեք մտքերը: «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը:

Բանն այն է, որ նա քաղաքականության, կառավարման գիտելիքների եւ փորձի այսպես ասած առյուծի բաժինը ձեռք է բերել թերեւս հենց քաղաքական առեւտրի պայմաններում, Հայաստանի քաղաքական դաշտ կոչված, բայց իրականում բորսայական առեւտրի սանդղակում իր կարգավիճակի վերելքն էլ ծառայեցնելով ընդամենը այդ բորսայական կառուցվածքով քաղաքական դաշտի բյուրեղացմանը: Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանում առեւտրային քաղաքականության հիմնական ճարտարապետներից եւ շինարարներից մեկը: Եվ եթե նա իր նախագահ եղած տարիներին եւս այդքան բարձր գնահատեր իր ժամանակը, գիտելիքն ու փորձը, ապա միգուցե տասնամյա նախագահության ընթացքում իր նախագահական գերլիազորությունները կծառայեցներ առավել արդիական քաղաքական համակարգ ձեւավորելու գործին, ինչի ռեսուրսը Ռոբերտ Քոչարյանն ուներ՝ նկատի ունենալով նրա ամուր դիրքերը իշխանական համակարգում, ինչպես նաեւ նրա նախագահության ընթացքում տնտեսական իմաստով բարենպաստ արտաքին եւ ներքին կոնյուկտուրան: Սակայն, արդիական քաղաքական համակարգ ձեւավորելու փոխարեն, Ռոբերտ Քոչարյանն «արդիականացրեց, բյուրեղացրեց ընդամենը երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգը՝ որտեղ հստակ սահմանվեցին իշխանության եւ բիզնեսի քվոտաներ, հասարակությունը հիմնավորապես դուրս մղվեց քաղաքական ու տնտեսական գործընթացներից:

Ռոբերտ Քոչարյանը միգուցե հասկացել է այդ ամենի անհեռանկարայնությունն ու վտանգավորությունը՝ երբ արդեն անձամբ կանգնել է այդ համակարգով նորից վեր բարձրանալու խնդրի առաջ: Բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանը չունի համարձակություն բացահայտորեն եւ հստակ խոսել իր կառավարման համակարգային բացթողումների մասին եւ ներողություն խնդրել հանրությունից, հուշում է, որ Քոչարյանի «համարժեքության» զիգզագը կարող է լինել ընդամենը «դիզայն», ոչ թե օրգանական գործընթաց:

Իսկ այդ դեպքում, թերեւս կարիք չկար, որ երկրորդ նախագահը բացատրեր, թե ինչու չի առաջադրվել նախագահի թեկնածու, որովհետեւ ժամանակին զուգահեռ արդիականացման եւ ադեկվատության օրգանական գործընթացի բացակայությունը հանել են բոլոր հարցերը ոչ միայն իր, այլ բոլոր երեք նախագահների դեպքում: Եվ հասարակության համար հարցը ներկայում ոչ թե այն է, թե ինչու չեն առաջադրվել Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը, այլ թե ինչու նրանց օրինակին չի հետեւել Սերժ Սարգսյանը: