Օրվա քաղաքական հիթն անկասկած Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցն է, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական վիճակին: Տնտեսական իմաստով Քոչարյանն իր ամպլուայի մեջ է, և ինչպես սպասվում էր, նա մտահոգիչ է համարում Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը:
Սակայն այստեղ մի հատկանշական բան կա: Ռոբերտ Քոչարյանը ոչ թե տնտեսական քաղաքականությունը ենթարկում է քննադատության, ինչն անում էր նախկինում, այլ ուղղակի մտահոգություն է հայտնում վիճակի և միտումների կապակցությամբ:
Այստեղ շեշտադրումների նկատելի մեղմացում կա, ինչն, իհարկե, ամենևին չի նշանակում, որ առկա է կոնյունկտուրային խորը համատեքստ: Թեև ընդհանուր առմամբ հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի այդ մեղմացումը պայմանավորված է հավակնությունների սահմանափակմամբ, և նա չի ցանկանում ավելորդ խտացնել գույները, որովհետև այդ դեպքում անհասկանալի կլինի ակտիվ քաղաքականության գործընթացներից հեռու մնալու նրա պահվածքը:
Հարցազրույցի բուն ասելիքն, իհարկե, այդ պահվածքի բացատրությունն է: Ռոբերտ Քոչարյանն այստեղ օրիգինալ չէ: Նա ևս իրավիճակը համարում է քաղաքական մրցակցության տեսանկյունից անհետաքրքիր, իսկ մրցակցության բացակայությունը՝ երկրի և հասարակության համար վտանգավոր:
Բայց այդ դեպքում հարց է ծագում' ինչո՞ւ երկրորդ նախագահն ինքը չմիջամտեց և այդ անհետաքրքիր վիճակը չփորձեց հետաքրքիր դարձնել, նաև մրցակցություն ստեղծել և այդպիսով ծառայություն մատուցել պետությանն ու հասարակությանը: Նրա բերած փաստարկները՝ «երկու ղարաբաղցի», «վաղեմի ընկերներ», «մանր առևտուր», մեղմ ասած' այնքան էլ համոզիչ չեն, քանի որ նույն այդ փաստարկների ակնհայտ առկայության, ավելի քան վառ արտահայտվածության պայմաններում Ռոբերտ Քոչարյանը տասը տարի շարունակ նախագահում էր Հայաստանում: Ավելին' իր նախագահության ընթացքում նա ինքն էր դատապարտում նրանց, ովքեր տեղային բաժանում էին կատարում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև: Մինչդեռ այսօր նա ինքն է գնում այդ բաժանման' փորձելով հիմնավորել ակտիվ գործընթացներից իր հեռու մնալը:
Մյուս կողմից' հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը դժվարին կացության առաջ է և չի կարող պարզապես հայտարարել իր տակտիկայի տապալման մասին, երբ ինչ-ինչ, միգուցե նաև իրենից անկախ՝ ընդամենը գործընկեր ընտրված գործիչների սխալների կամ որակների պատճառով չկարողացավ փոխել Հայաստանում առկա քաղաքական ստատուս-քվոն և հիմք դնել իր վերադարձի կամ իր պատրոնաժությամբ իշխանության ձևավորման համար:
Բնականաբար, նա ստիպված է գտնել այլ բացատրություններ, իսկ երբ դրանք այդքան էլ մոտ չեն իրականությանը, ապա ցանկացած դեպքում դառնում են ոչ այնքան համոզիչ, հատկապես այն թափանցիկ իրականության պայմաններում, որ ձևավորվել է Հայաստանում:
Այնուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հատկանշական է այն, որ նա կրկին բաց է թողնում քաղաքականություն իր վերադարձի թեման և այդ կապակցությամբ կրկին չի հայտնում որևէ որոշակի ազդակ: Դա վկայում է, որ Քոչարյանն, ըստ ամենայնի, այդ կապակցությամբ առնվազն կամ չունի հստակ որոշում, կամ դեռ հեռու է հեռանալու մտադրությունից:
Այդ տեսանկյունից հատկանշական է այն, որ նա հիշեցնում է, թե ինքն է Սերժ Սարգսյանին ընտրել որպես իր հաջորդ: Իսկ հայտնելով, որ իրեն հասկանալի է Սերժ Սարգսյանի վերընտրվելու ցանկությունը, Քոչարյանը կարծես թե փորձում է ակնարկել, որ Սարգսյանն էլ պետք է հասկանա դրանից հետո իր գալու ցանկությունը: