Ամերիկյան Բոսթոն քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 4 մարզիկ՝ մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր վարժությունում:
Եթե տղամարդկանց մենասահքում և զույգերով գեղասահքում հաջողությունը երես էր թեքել Հայաստանի ներկայացուցիչներից, ապա կանանց մենասահքում բավականին հաջող ելույթ է ունեցել Անաստասիա Գալուստյանը՝ հնարավորություն ստանալով հանդես գալ նաև ազատ ծրագրում:
Հայ գեղասահորդուհին, հանդես գալով ազատ ծրագրում, հավաքել է ընդամենը 136.07 միավոր: Նշյալ արդյունքը հնարավորություն տվեց գրավել 24-րդ հորիզոնականը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Անաստասիա Գալուստյանի գրանցած արդյունքը միանշանակ դրական է և կարող է հիմք հանդիսանալ հետագա հաջողությունների համար:
Գեղասահքի աշխարհի առաջնության կանանց պայքարում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդևան: Տղամարդկանց մենասահքում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Իսպանիայի ներկայացուցիչ 24-ամյա Խավիեր Ֆերնանդեսը՝ հավաքելով 314.93 միավոր և երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի ուժեղագույնը դառնալով: Կանադան ներկայացնող Մեգան Դուհամել-Էրիկ Ռեդֆորդ զույգն էլ ոսկե մեդալ նվաճեց զույգերի գեղասահքում: