Ստորև ներկայացնում ենք Ղարաբաղում գտնվող Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի քիչ առաջ կայացած հարցազրույցը:

 

- Սրբազան, հիմա ի՞նչ իրավիճակ է Արցախում:


- Նույնն է, այս երեք օր է, գրեթե նույնն է, Ստեփանակերտում, Շուշիում մարդիկ բոլորը զբաղված են իրենց գործերով: Սահմանամերձ գոտիներում կրակոցները շարունակվում են, մարտեր են գնում:

 

- Սահմանամերձ գոտիներում գտնվող մեր եկեղեցիները, վանքերն Ադրբեջանի հրետակոծությունից ու հրթիռակոծությունից հետո չե՞ն վնասվել:


- Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում, ամեն տեղ էլ ունենք այդպիսի շինություններ: Որևէ տեղեկություն' Ադրբեջանի կողմից դրանք նշանառության տակ վերցվելու, վնաս պատճառելու մասին, ինձ չի փոխանցվել: Առայժմ ինձ այդպիսի տեղեկություն չեն հայտնել:

 

- Ձեր կարծիքով՝ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ կընդունի՞, թե՞ դա դժվար է այժմ ասել:


- Ես կարծում եմ՝ վաղն ամեն ինչ հստակ կլինի՝ կա՛մ նորից զինադադար կսկսվի, կա՛մ, եթե վաղը զինադադար չեղավ, ուրեմն կարող է և շարունակվի: Վաղը, կարծում եմ, պարզ կլինի:

 

- Ձեր մաղթանքը մեր զինվորներին, Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին:


- Մենք պետք է ապավինենք Աստծուն, հույսը դնենք մեզ վրա, նույն բարձր ոգով, զորեղ արիական ոգով և հավատքով մեր գործը շարունակենք: Մեր գործն արդար է, մենք պատերազմ չենք սկսել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք մեր ազատությունը, մեր սահմանները և անելու ենք:

 

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի