Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:
«ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ»,- ընդգծել է աղբյուրը:
Ինչպես սպասվում է, Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն հակամարտության գոտու իրադրության և կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին: Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները կանցկացնեն հանդիպումներ և կոնսուլտացիաներ: