Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն իր խմբակցության ողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ:

 

Նա ընդգծեց, որ չնայած ընտրական օրենսգիրքը բավական կարևոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան երկրի առաջ ծառացած և դրանով պայմանավորված՝ պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափի քննարկումը: Արմեն Ռուստամյանը նաև չի բացառում ընտրական օրենսգրքի քննարկման սառեցումը:

 

«Ճիշտն ասած՝ այս ամենից լավ հոտ չի գալիս: Չգիտենք՝ մինչև ուր սա կհասնի: Հնարավոր է՝ ամեն ինչ սառեցվի, բայց եթե մենք նախապես գնանք սառեցման ճանապարհով, կարող է սխալ տեղ հասնենք: Դա կնշանակի՝ ընտրություննրի հետ կապված սառեցում, բայց մենք պարտավոր ենք հունիսի մեկին՝ գոնե մեկ տարի առաջ, ունենալ համապատասխան ընդունված Ընտրական օրենսգիրք: Եթե այս ժամկետներում չի ընդունվում, ապա բոլոր ժամկետները կարող են փոխվել, բայց սա արդեն ֆորսմաժորային խոսակցություն է: Ես չեմ ուզում այդ աստիճանի վատատեսական կարծիք հնչեցնել, բայց չեմ էլ բացառում՝ նկատի ունենալով, թե ինչ հարևանի հետ գործ ունենք»,-ասաց Ռուստամյանը:

 

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը մտել է մի պրոցեսի մեջ, որից ուզում է դուրս գալ պարզ երեսով և դրա համար հաշվի չի նստում կորուստների հետ: Իրենք պարզապես մսացուի նման բերում են մարդկանց, զինվորների, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ տարածքներ գրավել, որ ասեն՝ իրենք իրենց միջոցներով պատրաստ են և անում են ամեն ինչ, որ ստատուս քվոն փոխվի: