ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Օբամային, որտեղ ասված է, որ 1994 թվականին կնքված զինադադարից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացված ամենածանր հարձակման փաստի կապակցությամբ հանձնաժողովը կոչ է անում նախագահին ձեռնարկել համապատասխան քայլեր: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

 

«Մենք խնդրում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, Լեռնային Ղարաբաղին հատկացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնություն և Պետդեպարտամենտի փաստահավաք առաքելություն ուղարկել՝ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ավերածությունները և վերակառուցողական անհրաժեշտ աշխատանքները գնահատելու նպատակով»:

 

Նախագահ Բարաք Օբամային հղված նամակում կոնգրեսականները նաև նշում են, որ իրենք մտահոգված են այն հանգամանքով, որ նախագահ Ալիևը վերջին այս հարձակումն իրականացնելու որոշումը կայացրել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վաշինգտոնում անցկացրած հանդիպումից մի քանի ժամ անց, «այն դեպքում, երբ նրանք բացահայտ կերպով կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ոչ բռնի եղանակներ»:

 

Նամակում ասված է, որ Ադրբեջանի հարձակումները ներակայացնում են նախագահ Ալիևի ագրեսիվ քաղաքականության, հակահայկական ատելություն սերմանելու կործանարար բնույթը:

 

«Այս քայլը նաև արտացոլում է միջազգային համայնքի կողմից անպատժելի մնալու նրա ցանկությունը, ինչը բացահայտվել էր կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը Ադրբեջանի կողմից մերժում ստանալու փաստով»:

 

Հանձնաժողովի նամակը հիշեցնում է, որ Ռոյս-Էնգել անվանումը ստացած խաղաղության այս առաջարկն աջակցություն էր ստացել Օբամայի վարչակազմի կողմից:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովի կողմից հղված նամակը եզրափակում է հետևյալ պարբերությունը.

 

«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները և տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով' հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, և հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն և երկարաժամկետ օժանդակություն»:

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովը նմանօրինակ նամակ է հղել նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին: