Հայկական կողմն արել է հնարավոր ամեն բան՝ կանխելու արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին գերմանական Deutche Welle լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն' ավելացնելով ռազմական հռետորաբանությունը: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հե տաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը»,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը պատահական չի համարում վերջին բախումից հետո կարճ ժամանակում կրակի դադարեցման շուրջ համաձայնության հաստատումը: «Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը: