Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս շաբաթ կոչ է արել վերջերս ԱՄՆ պետքարտուղար նշանակված Ջոն Քերրիին' մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել ԱՄՆ հայկական կամակերպությունների ղեկավարության հետ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ փետրվարի 14-ին հղած նամակում, Հանձնախմբի նախագահ Կեն Խաչիկյանը նոր պաշտոնի առթիվ շնորհավորել է Քերրիին' նշելով, որ նրա հայրենի Մասաչուսեթս նահանգում ամերիկահայերի հետ բարեկամությունը տասը տարվա պատմություն ունի:

Նամակում նշվել է հայ-ամերիկյան արտաքին քաղաքական խնդիրների լայն շրջանակը, որը պարբերաբար քննարկվում է Պետքարտուղարության հետ: Ընդգծվել է, որ Հանձնախումբը հույս ունի պետքարտուղար Քերրիի հետ համագործակցել «այն բոլոր հարցերում, որոնք նա խելամտորեն առաջ է քաշել Սենատում աշխատելու ժամանակ, ներառյալ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման, Սիրիայում հայերի եւ այլ քրիստոնյաների պաշտպանության եւ, իհարկե, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Թուրքիայի' բերան փակելու քաղաքականությանը վերջ դնելու հարցերը»: Խաչիկյանն ավելացրել է. «Մենք հարգանքով կոչ ենք անում' մինչեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (ապրիլի 24) հանդիպել մեր համայնքի կոլեկտիվ լայն ղեկավարության հետ»: