«Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությանը, 2022 թվականի դեկտեմբերից լրատվամիջոցներում է, և այն քննարկվում է քաղաքական առաջնորդների կողմից»: Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացության մեջ, որն արվել է՝ ի պատասխան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի։
Ինչպես հայտնել ենք, Արայիկ Հարությունյանի խնդրանքով՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն խոստացել էր փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյո՞ք Արցախի ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանություն է հայերի դեմ:
«Իմ ներդրումն է բացատրել, թե ինչու այն պետք է համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի։
Չկան դիակիզարաններ, և չկան հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է՝ առանց անմիջական կտրուկ փոփոխության։ Այստեղ բնակվող հայերը մի քանի շաբաթից կկործանվեն։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը շատ առումներով ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ կյանքի պայմանների պարտադրման միջոցով, որոնք նախատեսված են նրանց ոչնչացման համար: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «հայերի նկատմամբ վերաբերմունքը 1915 թվականին թուրք կառավարիչների կողմից տրամադրում է ցեղասպանության դրույթի պարադիգմը, որը վերաբերում է կյանքի պայմանների պարտադրմանը»:
Որպես ոլորտում որոշակի փորձ ունեցող անձնավորություն՝ ինձ համար պատիվ էր իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ աջակցել ցանկացած կողմի, որը պարտավոր է կանխել հայերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է եզրակացության մեջ: