Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին Հարավային Քալիֆորնիայի հանրային ռադիոյի «The Frame» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915-ին, ոչ ոք չի վիճում այդ մասին:
«Այժմ պատմությունը փոխվել է, և թուրքերն այլևս չեն ցանկանում խոսել դրա մասին: Եվ քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, ովքեր նախկինում ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», հիմա չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել: Ես շատ սենատորների հետ եմ զրուցել և հարցրել, թե կարո՞ղ են այսօր խոսել Հայոց ցեղասպանության մասին: Օրենսդիրները պատասխանել են. «Բոլորովին չենք կարող, որովհետև Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում մեր գործընկերն է»,- հայտնել է Քլունին:
Դերասանը նշել է, որ որպես դերասան՝ դու չես կարող քաղաքականությամբ զբաղվել: Այն ամենն, ինչ կարող ես անել, խնդիրը բարձրաձայնելն է: Բայց ես չեմ կարող գնալ փոխզիջման կամ գործարքներ կնքել: