Շվեդական ռադիոյով փետրվարի 19-ին հեռարձակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պրոֆեսոր Օվե Բրինգի հետ հարցազրույց: Օվե Բրինգը հանդիսանում է միջազգային իրավունքի ասպարեզում Շվեդիայի հեղինակավոր մասնագետներից մեկը և ցեղասպանությունների թեմայով բազմաթիվ մենագրությունների և հրապարակումների հեղինակ է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հ ետ կապի վարչությունից, պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչն իրականացվեց բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակից:
Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Ցեղասպանության ընթացքը' ընդգծելով դրա փուլային բնույթը, ինչի արդյունքում նախ ձերբակալվեց և սպանվեց հայ մտավորականությունը, որից հետո տեղահանվեց և գաղթի ճանապարհին բնաջնջվեց բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշել է, որ փուլային բնույթ են կրել նաև Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը և այլ զանգվածային բնաջնջումներ։
Օվե Բրինգն ընդգծել է, որ այն, ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում և բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշել է, որ հակառակ դրան' հրամայված էր գաղթի ճանապարհին որքան հնարավոր է շատ հայերի սպանել։
Ավարտելով իր խոսքը' Օվե Բրինգը նշել է, որ տարբեր հաշվարկներով Ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1.5 մլն մարդ, կան 1916թ. հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածների վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ: «Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ», - շեշտել է պրոֆեսորը։