Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանը հերթական անգամ իր հարցազրույցում ասել է, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com.tr-ը, անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը'Մահչուփյանը նշել է. «Վատ իկանն իր վրայից նետել է շուրջ 100 տարվա հոգեբանական ծանրությունը: Երբ ասում եք, թե ինչու է այս բառն օգտագործել 100 տարի անց, պետք է հարցին հակառակ կողմից մոտենալ և ասել, թե ինչպես է Վատիկանն այսքան տարի դիմացել, սակայն չի ասել»:

 

Դավութօղլուի հայազգի խորհրդականը նշել է, որ Հռոմի պապի խոսքերի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել' հավելելով. «Թե’ հայերի, թե’ այլազգիների համար «ցեղասպանություն» եզրույթը քաղաքական լինելուց զատ ավելի շատ հոգեբանական իմաստ է սկսել կրել»:

 

Շարունակելով իր խոսքը' Մահչուփյանը փաստել է, որ երբ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերն անվանում են ցեղասպանություն, 1915 թվականի հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն» չանվանելն անհնար է: «Կարևորը կատարվածի հետ առերեսումն է, կատարվածին նայելով և համատեղ դաս քաղելով' միասին ապագան կառուցելը: Այլապես եզրույթը կարևորություն չունի: Էականն այն է, որ այսօր այստեղ բնակվողները կարողանան մեկմեկու հասկանալ»,- ասել է նա: