Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Այս մասին նա խոսել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:
Քերնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում դատական գործ են հարուցել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ, իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն բանտարկվել է առանց հիմնավոր պատճառի:
Ավստրիայի վարչապետն ընդգծել է, որ Եվրամիությունը տնտեսական առումով կախվածություն չունի Թուրքիայից, այլ հակառակը՝ Թուրքիան է կախված ԵՄ-ից: «Թուրքիան մեծապես կախված է Եվրոպայից և Արևմուտքից: Ուղղակիորեն Թուրքիա կատարվող ներդրումների մեծ մասն արվում է Արևմուտքից»,- նշել է նա:
Քերնն ասել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի Եվրոպային ավելի մոտենալու համար: