Այսօր Երևանի Հանրապետության հրապարակից ժամը 13:00-ին կմեկնարկի Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի աջակցությանն ուղղված բողոքի ակցիա-երթը: Երթի կազմակերպիչները սրանով իրենց աջակցությունն են հայտնում Կարո Փայլանին և ահազանգում, որ նրա կյանքը Թուրքիայիում վտանգի տակ է: Կազմակերպիչները ՄԱԿ-ից պահանջում են հավատարիմ մնալ սկզբունքներին և դատապարտել Թուրքիայում Կարո Փայլանի նկատմամբ սկսված հալածանքները: Նրանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հասցեագրված նամակ են հանձնելու երևանյան գրասենյակին:

 

Նամակը՝ ստորև.

 

«Ձեզ են գրում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայազգի Կարո Փայլանի աջակցությանն ուղղված երթի կազմակերպիչներ Մարկ Հովհաննիսյանն ու Հայկանուշ Ալոյանը:

 

Ինչպես տեղյակ եք՝ ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Նույն օրը Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանը ցուցադրել էր Ցեղասպանության ժամանակ սպանված Թուրքիայի հայ պատգամավորների նկարները, պահանջել էր հետաքննություն իրականացնել ու պատժել մեղավորներին, ինչպես նաև անվանափոխել Թուրքիայում այն փողոցները, որոնք անվանակոչվել էին ի պատիվ ցեղասպանության կազմակերպիչների:

 

Բնականաբար, Թուրքիայում սա չէր կարող ընդունվել, ու հաշված օրեր անց Կարո Փայլանը ենթարկվեց նախապես ծրագրված հարձակման մի խումբ իշխանական պատգամավորների կողմից, ինչի ընթացքում մոտ հարյուր հարված էր ստացել: Նրա հասցեին հնչել էին հայ լինելու հետ կապված վիրավորանքներ ու ռասիստական բնույթի արտահայտություններ, որոնք ֆիքսված են հարձակման տեսագրության մեջ: Սակայն դրանով պանթուրքիզմի գաղափարները դավանող թուրքերի մի մասը չբավարարվեց: Սոցիալական ցանցերում իսկական որս է սկսվել Կարոյի նկատմամբ, թուրք օգտատերերը կոչ են անում «սատկացնել Կարո Փայլանին Դինքի պես»:

 

Հարգելի Բան Կի Մուն, ուզում ենք հիշեցնել, որ ՄԱԿ-ի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Գլխավոր Ասամբլեայի 1904 (18 ) բանաձևով ՄԱկ-ը և բոլոր անդամ երկրները հաստատում են ողջ աշխարհում ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով շուտափույթ վերացնելու և մարդու անձի արժանապատվության գիտակցումն ու հարգանքն ապահովելու անհրաժեշտությունը, համոզված լինելով, որ ռասայական տարբերության վրա հիմնված գերազանցության ցանկացած տեսություն գիտական առումով կեղծ է, բարոյականության տեսանկյունից դատապարտելի, իսկ սոցիալական առումով՝ անարդարացի ու վտանգավոր, և որ ռասայական խտրականության համար արդարացում լինել չի կարող թե տեսության մեջ, թե պրակտիկայում, հաստատելով, որ ռասայի, մաշկի գույնի կամ էթնիկական ծագման հատկանիշով մարդկանց միջև խտրականությունը խոչընդոտում է ազգերի միջև բարեկամական ու խաղաղ հարաբերություններին և կարող է հանգեցնել ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև անգամ նույն պետության ներսում անձանց ներդաշնակ համագործակցության խախտմանը:


Հղում անելով այս հոդվածին՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին դատապարտել Թուրքիայի կողմից թուրքական իշխանությունների թողտվությամբ Կարո Փայլանի նկատմամբ սկսված ճնշումներն ու ապահովել նրա կյանքի անվտանգությունը:


Հիշեցնենք, որ Կարո Փայլանը հանդիսանում է ոչ միայն Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, այլև Թուրքիայի քաղաքացի, սակայն թուրքական պետության կողմից ոչ մի քայլ չի եղել պաշտպանելու համար Կարոյի անձը հարձակումներից: Ավելին՝ դա արդարացվել է իշխանությունների կողմից:

 

Այնինչ, նույն հռչակագրի 3 հոդվածում ասվում է՝

 

Մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն և բոլոր այն կազմակերպություններին, որոնք փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձևով էլ, որ դրանք դրսևորվելիս լինեն:


Հոդված 3 կետ բ՝

Հակաօրինական են հայտարարում և արգելում այն կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպված ու ցանկացած այլ գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, և մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությունը համարում են օրենքով պատժելի հանցագործություն:

 

Հենվելով հռչակագրի այդ հոդվածների վրա՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ ի դեմ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ դատապարտել թուրքական իշխանությունների կողմից ազգային հողի վրա հետապնդումները Կարո Փայլանի նկատմամբ, ապահովել վերջինիս անձնական անվտանգության և բռնությունից կամ մարմնական վնասվածքներից պետության կողմից պաշտպանության իրավունքը:


Բացի այդ, պահանջում ենք ձևավորել հատուկ հանձնախումբ, որը հետաքննություն կանցկացնի Կարո Փայլանի նկատմամբ ուղղորդված հարձակումների ու սոցիալական ցանցերում նրա սպանության կոչեր անող անձանց չպատժելու Թուրքիայի իշխանությունների դրդապատճառների մասին, կհետաքննի ազգային պատկանելության հողի վրա Թուրքիայի բանակում հայերի, ալևիների ու քրդերի հաճախակի սպանությունների, ու ճնշումների դեպքերին:

 

Պահանջում ենք հավատարիմ մնալ ՄԱԿ-ի առաքելությանը ու դատապարտել Թուրքիայի ռասիստական քաղաքականությունը, նաև վերանայել այս երկրի՝ ՄԱԿ-ին անդամակցության նպատակահարմարությունը»,- ասված է նամակում: