Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակը, որի ներքո ստորագրել են երկիրը ներկայացնող տասնյակ մշակութային գործիչներ, գրում է Tert.am-ը:

«Հարգելի վարչապետ,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, աջակցություն ստանալով Թուրքիայից, լայնածավալ ռազմական հարձակում է նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական կառույցներ, այդ թվում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայտնի է, որ Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է ցուցաբերում այս հակամարտությանը և Սիրիայից ու Լիբիայից վարձկանների է տեղակայել հակամարտության գոտում:

Թուրքիայի ռազմական միջամտությունն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությանը սրում է իրավիճակը և կարող է վտանգավոր լինել ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրությունից հնչող բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան, լինելով Ադրբեջանի դաշնակիցը, անտեսել է հրադադարի պահանջները: Նախագահ Մակրոնի դատապարտումն առ այն, որ Թուրքիան սիրիացի ջիհադականների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, մտահոգության մեծ ալիք է բարձրացնում: Մեդիադաշտի ներկայացուցիչները փաստում են, որ այս պատմական թշնամանքի բռնկումը կարող է խարխլել տարածաշրջանը՝ Թուրքիայի տարածքային զավթողական նպատակների շրջանակներում: Սա վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար, որը պետք է նվազագույնի հասցվի՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս տարածքային վեճերն Էգեյան ծովում և բախումները Կիպրոսի հետ՝ պայմանավորված միջերկրածովյան նավթի և գազի հանքերով:

 

Այս պատերազմի հետևանքները դուրս են գալիս հակամարտության շրջանակներից՝ վերածվելով էթնիկ զտումների և ցեղասպանության, և տարածաշրջանում իրական վտանգ են ներկայացնում հայերի համար: Ինչպես գիտնականներից մեկը՝ Քրիստոֆ Բենեդիկտերն ասել է, «եթե գերտերությունները թույլ տան պատերազմը տարածաշրջանում, դա կհանգեցնի զանգվածային վայրագությունների և հնարավոր ցեղասպանության՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի»: Մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը: Կանադան իր համաշխարհային ճանաչում ունեցող խաղապահ դիրքորոշմամբ պետք է դատապարտի քաղաքացիների և քաղաքացիական կառույցների դեմ հարձակումները, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:  

Հավատում ենք, որ Կանադայի դիրքորոշումը թույլ կտա կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային անհապաղ վերջ դնել հակամարտությանը միջամտելուն և պահանջել, որ կողմերը վերադառնան հրադադարի և խաղաղ բանակցությունների: Կոչ ենք անում Կանադային ճանաչել ինքնորոշման իրավունքը, որը սահմանվում է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտով»,- ասվում է կանադացի գործիչների նամակում: 

Նամակը ստորագրել են Ատոմ Էգոյանը, Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Վարուժ Այվազյանը, կանադացի դերասանուհի Սառա Փոլին, ինչպես նաև այլ կանադացի և կանադահայ իրավաբաններ, գրողներ, դերասաններ և այլ գործիչներ: