Թուրքիայի բնակչության տասը տոկոսից էլ քիչ մասն է կարծում, որ երկրի կառավարությունը պետք է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունը ճանաչի որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «France-Presse» լրատվական գործակալությունը, այս մասին վկայում են կատարված հարցման արդյունքները:
Ողբերգության հարյուրամյա տարելիցին ընդառաջ իրականացված հարցման արդյունքում բացահայտվել է , որ հարցվածների միայն 9.1 տոկոսն է գտնում, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի 1915-ի սպանությունների համար: Եվս 9.1 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է ներողություն հայցի' առանց ցեղասպանությունը ճանաչելու:
Հարցումն անցկացվել է 1914թ. նոյեմբեր-դեկտեմբերին' Ստամբուլում գործող Տնտեսական և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Հարցմանը մասնակցել է 1 508 մարդ: Բացի այդ, պարզվել է, որ հարցվածների 23 տոկոսից ավելին հավատում է, որ 1915 թվականին զոհվածները միայն հայեր չեն եղել և կառավարությունը պետք է իր զորակցությունը հայտնի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին:
Իսկ հարցվածների 12 տոկոսը նշել է, որ կառավարությունը պետք է զորակցություն հայտի, բայց ներողություն չխնդրի, 21 տոկոսը նախընտրել է, որ Թուրքիան ոչ մի քայլ չձեռնարկի Հայոց ցեղասպանության մասին պնդումների առնչությամբ:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան մերժում է այդ սպանությունները ցեղասպանություն ճանաչելու բոլոր կոչերը: