Հունվարի 18-ին Տորոնտոյում տեղի ունեցավ թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի նոր գրքի շնորհանդեսը, որը վերնագրված է՝ «Երիտթուրքերի հանցանքը մարդկության դեմ»: Տորոնտոյի Հայ մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայեր, այդ թվում՝ երիտասարդներ, ում իրենց ավագ սերունդների հետ այդտեղ էր բերել պրոֆեսոր Թաներ Աքչամի կողմից ներկայացվող՝ Երիտթուրքերի վարած քաղաքականությանը և Հայոց ցեղասպանությանը վերագրված գրքի շնորհանդեսին մասնակցելու ցանկությունը:

Սա Թաներ Աքչամի առաջին գիրքը չէ, որ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Վիքիփեդիա ինտերնետային գրադարանը Թաներ Աքչամին նկարագրում է՝ որպես գերմանացի պատմաբան և սոցիոլոգ, ով ծնվել է Արդահանում: Վիքիփեդիայում նշված է, որ Թաներ Աքչամը թուրք ակադեմիկոսներից առաջիններից է, որ բացեիբաց քննարկում է Հայոց ցեղասպանությունը և այս թեմայի շրջանակում նա համարվում է «առաջատար համաշխարհային հեղինակություն»:

Իր նոր գրքի ներկայացման ընթացքում պրոֆեսոր Աքչամը երիտթուրքերի կողմից հայերի դեմ արված գործողությունները համեմատեց Գերմանիայի կողմից հրեաների բնաջնջմանն ուղղված գործողությունների հետ և նշեց, որ երկու դեպքում էլ դրդապատճառը մեկն էր, այն է՝ վերացնել պետականության հանդեպ վտանգը: Գերմանիան զգաց, որ հրեաների գոյությունը վտանգ է ներկայացնում իր համար, և նմանապես Թուրքիան զգաց, որ հայերի ներկայությունն իրական վտանգ է իր պետականության և անվտանգության համար, ուստի որոշեց այդ ճանապարհով ազատվել և ապահովագրել իրեն:

Պրոֆեսոր Աքչամը մեջբերեց Տիգրան Քելեկյանի խոսքերը, ով, ըստ պրոֆեսորի, սերտ հարաբերությունների մեջ է եղել Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանակների հետ և 1905-1906թթ. դերակատարություն է ունեցել այդ կուսակցության կառուցվածքային զարգացման հարցերում, ինչպես նաև՝ իր ավանդն է ունեցել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հիմնադրման հարցում: «Տիգրան Քելեկյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել այդ կուսակցության հետ, ավանդ է ունեցել այդ կուսակցության զարգացման գործում, սակայն 1915թ. ապրիլին նրան նույնպես ձերբակալել են»,- ասաց պրոֆեսոր Աքչամը:

Նա մեջբերեց մի մտավորականի խոսքերը, ով փոխանցել է Տիգրան Քելեկյանի խոսքը, որը նա ասել է բանտում. «Միություն և առաջադիմություն կուսակցությունը հայերի սպանդ կկազմակերպի մաթեմատիկական ճշգրտությամբ»: Ըստ Աքչամի՝ Տիգրան Քելեկյանը դա կանխագուշակում էր, որովհետև 1913թ.-ին նրանք հիմնադրել էին մի կառույց, որը կոչվում էր «Ցեղային և գաղթականների տեղավորման ներքին գրասենյակ», և հենց այդ կառույցի ներսում գործում էր վիճակագրության բաժին, որն ամբողջ ցեղասպանության ընթացքում համակարգում էր այդ գործընթացը:

«Այդ բաժնից պարբերաբար նամակներ էին գալիս, որոնք զեկուցում էին հայերի թվի մասին տեղեկատվություն, և ըստ այդ տեղեկատվության՝ պլանավորվում էին հետագա քայլերը: Թուրքիայի տարածքը պայմանականորեն բաժանվել էր երեք հատվածի: Այդ հատվածներից մեկում հայերի թիվը մուսուլման բնակչության համեմատ չպետք է գերազանցեր 10%-ը, իսկ մյուս հատվածում՝ 5%-ը:

Ամեն ինչ կատարվել է մաթեմատիկական հաշվարկների ճշգրտությամբ»,- նշեց Թաներ Աքչամը: Ըստ պրոֆեսորի՝ Երիտթուրքերի կառավարության համար հատկապես վտանգ էին ներկայացնում Ռուսաստանին հարակից տարածքները: «Արևելյան տարածքներում տեղահանում էին բոլոր հայերին անխտիր: Ինչո՞ւ: Իհարկե, ինչպես նշեցի, կայուն անվտանգության համար, որովհետև այդ տարածքները հարում էին Ռուսաստանին: Այդ տարածքներում նպատակ էր դրվել ոչ մի հայ չթողնել, իսկ տեղահանման արդյունքում մարդկանց տեղափոխելու և բնակեցնելու համար նախատեսված վայրերում պահպանում էին 10%-ի սահմանը չգերազանցելու կանոնը»,- ասաց նա:

Պրոֆեսորը նշեց նաև, որ պարբերաբար վիճակագրական տվյալներ են ստացվել հայերի թվի վերաբերյալ, և ներկաներին որոշ արխիվային փաստաթղթեր ցուցադրեց: Նա ցույց տվեց Թալեաթի նամակներից մեկը, որտեղ գրված էր. «Հայերի տեղահանման նպատակն այն է, որ այս համայնքը երբևէ ի վիճակի չլինի կառավարության դեմ որևէ նախաձեռնություններ կամ գործողություններ իրականացնել, և, որ նրանք այնպիսի վիճակի հասցվեն, որ ի վիճակի չլինեն պետականության մասին մտածել»: Պրոֆեսոր Աքչամը նշեց, որ հայերը տեղահանվում էին Սիրիա:

Ըստ նրա, ընդհանուր հաշվով՝ դեպի Սիրիա տեղահանվել են 1,3 միլիոն հայեր: «Ամեն ինչ կատարվել է մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով: Եթե Սիրիայի բնակչությունը 2,5 միլիոն է, և 1,3 միլիոն հայ է տեղահանվել Սիրիա՝ այն հաշվարկով, որ հայերի թիվը չպետք է գերազանցի մուսուլման բնակչության տասը տոկոսը, ապա ես ձեզ հարց եմ տալիս, այդ տասը տոկոսից բացի՝ մնացած մարդիկ ո՞ւր կորան»,- նշեց Թաներ Աքչամը: Ըստ պրոֆեսորի՝ նույնիսկ մուսուլմանություն ընդունած մարդիկ են տեղահանվել Սիրիա, իսկ նրանք, ովքեր չէին ընդունում մուսուլմանությունը՝ Սիրիայից քշվում էին դեպի Դեր-Զոր:

Թաներ Աքչամը մանրամասն ներկայացրեց, թե ինչպե՞ս են իր գրքում վերլուծվում այս տվյալները և մանրամասն մաթեմատիկական հաշվարկներով ծրագրավորված տեղահանումներն ու ցեղասպանությունը, և իր ելույթը եզրափակեց՝ մեջբերելով Թալեաթ փաշայի խոսքերը. « «…ազատվեք Կիլիկիայի հայերի գոյության ամենավերջին իսկ ներկայությունից»: Այս խոսքերն ասել է Թալեաթ փաշան՝ այն ժամանակ չիմանալով, որ դա մեր օրերում կոչվելու է ցեղասպանություն»:

Պատրաստեց Կամո Մայիլյանը
Տորոնտո-Երևան
Հատուկ 168.am-ի համար