«Ամերիկայի միացյալ նահանգները ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան «բուժեն» անցյալի վերքերը և քայլեն առաջ՝ դեպի ընդհանուր անվտանգություն և բարգավաճում»-,այս մասին «1նյուզ.ազ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի-ծառայությունից՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում վերջերս կազմակերպված ստորագրահավաքին:

«Այդ նպատակով մենք կոչ ենք անում Թուրքիայի Ազգային ժողովին հնարավորինս շուտ վավերացնել հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները»,- ըստ աղբյուրի, հայտարարել են դեսպանատնից՝ հավելելով, որ բացի նշված արձանագրությունների վավերացումից, ԱՄՆ-ն նաև կոչ է անում Թուրքիային շարունակել քայլեր ձեռնարկել՝ «դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը և սահմանի բացման ուղղությամբ, ինչը կարող է կարևոր դեր խաղալ հարևանների հարաբերությունների կարգավորման մեջ: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն համաձայն է, որ ստատուս-քվոն անընդունելի է: ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ դեր խաղալ՝ որպես Մինսկի խմբի անդամ, օգնելու կողմերին հասնել ամուր, խաղաղ կարգավորման»:

Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում հայ-թուրքական սահմանի բացման նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել, որում կոչ է արվել Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ՝ գոնե Սիրիայի փախստականների համար: