Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում խիստ քննադատության է ենթարկել Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին շրջանում տարեց հայ կանանց դեմ հարձակումները։

Թուրքական Evrensel.net -ի փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետը հիշեցրել է, որ վերջին 1,5 ամսում 5 հայ կնոջ դեմ հարձակում է տեղի ունեցել, որոնցից մեկն ավարտվել է սպանությամբ։ «Այդ հարձակումները ատելության հողի վրա են իրականցվել։ 84-ամյա հայ կնոջ հարձակման ժամանակ սեղանի վրա գումար է եղել, որը չեն տարել, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հորձակումներն իրականացվում են ազգային ատելության հողի վրա։

Մենք լավ գիտենք, թե այս երկրում հայերին ինչպես են վերացրել, ենթարկել կոտորածների։ Գիտենք Թուրքիայի մոտ անցյալի դեռեւս արնահոսող վերքերի մասին։

Հայերի անվտանգությունը չապահովելը, նրանց համար հանգիստ կյանքի իրավունք չտալն այս երկրի ամոթն է։ Հայերի դեմ հարձակումները վերջին 1,5 ամսում սիստեմատիկ ձեւով շարունակվում են, սակայն ոչ ոստիկանությունը, ոչ էլ իշխանությունները պարզաբանում չեն տալիս։ Սա այս երկրի ամոթն է։

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» լուսակցությունը դատապարտում է այդ հարձակումները։ Մենք մեր հայ քաղաքացիների կողքին ենք։ Նրանց երբեք միայնակ չենք թողնի։ Այս հարցում հետեւողական ենք լինելու եւ կոչ ենք անում իշխանություններին եւ ոստիկանությանը՝ մեկ րոպե առաջ մեղավորներին հայտնաբերել»,-հայտարարել է Քյուլթան Քըշանաքը։