ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, ինչպես արդեն հայտնի է ՏԱՍՍ-ի հաղորդումից, Իրանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ապրիլի 7-ի հանդիպման ադյունքներով ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա», ապա նշել, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»:

 

 

Ընդգծենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ արձագանքելով «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների վերաբերյալ Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, չի ժխտել «սեղանի վրա» (այսինքն՝ ասպարեզում, օրակարգում) առկա պայմանավորվածությունների գոյությունը, այսինքն՝ չի ասել, թե Լավրովն ինչ-որ սխալ բան է ասել: Հակառակը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշված հայտարարությունը հաստատել է.

 

 

«2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:- Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունելուց՝ չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

 

 

Այս իրավիճակում և վերը նշվածը հաշվի առնելով՝ միանգամայն տարօրինակ, անհասկանալի, թերևս դիվանագիտական էթիկայից դուրս անհավասարակշիռ զգացմունքային պոռթկման է նման Սերգեյ Լավրովի հայտարարությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ՀՀ վարչապետը երեկ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հիշյալ հայտարարությանը, ասել է, որ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղանին ոչ մի համաձայնագիր չկա:
«Որևէ փաստաթուղթ չկա, մենք որևէ անհիմն խոսակցությունների չենք ցանկանում պատասխանել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

 

Ինչպե՞ս թե… Բա ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը դրանից քիչ առաջ ասել էր, որ 2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է… Ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը, ինչպե՞ս բացատրել իրարամերժ այս հայտարարությունները, որոնք պատիվ չեն բերում մեր պետությանը: Հարցի պատասխանը թերևս միայն իրենք կարող են տալ:

 

 

Արթուր Հովհաննիսյան