Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա «թուրքական գործոնի ազդեցության առկայությունը»: Նրա խոսքով, կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին:
«Ես չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդեցություն են թողնում այդ հակամարտության վրա: Դուք ասացիք թուրքական գործոնը, գուցե այն գոյություն ունի, առնվազն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը», - ասել է Մեդվեդևը "Вести в субботу" հաղորդմանը տված հարցազրույցում:
Ռուսաստանի վարչապետի կարծիքով, Անկարայից հնչած հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել. «Փոխանակ հանգստանալու կոչեր հնչեցնեն, ասեն՝ եկեք կրկին վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, եկեք կրկին սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք կրակոցները, տրվել են որոշակի գնահատականներ: Ինչի՞ համար: Որ կրակի վրա յուղ լցնե՞ն»:
Ընդ որում, նա համարում է, որ ավելի լավ է պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում, քան փորձել այն հանգուցալուծել մարդկային կյանքերի գնով: «Ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որ կա, քան արյուն հեղվի»,-ասել է Մեդվեդևը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ապա, ըստ ՌԴ վարչապետի, այն հետևյալն է. «Ոչ մի դեպքում թույլ չտալ սրացում, ինչ էլ պատահի, ով էլ սկսած լինի, ինչ դատողություններ էլ լինեն' հիմա գլխավորը հանդարտվելն է, կրակը դադարեցնելը, հրադադար հայտարարելը և բանակացությունների սեղանի մոտ նստելը: