Ամստերդամի սրտում' «Դամ» հրապարակում ապրիլի 8-ին տեղի է ունեցել հոլանդահայ համայնքի բողոքի ցույց' ընդդեմ ապրիլի 2-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների: Բողոքի ցույցը, որին մասնակցել են հինգ հարյուրից ավելի հոլանդահայեր, կազմակերպվել էր Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների (ՆՀՀԿ) կողմից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, ցույցը սկսվել է հզոր վանկարկումներով' «Ղարաբաղն ազատ է, մի ժխտեք ազատությունը», «Ամո'թ Ադրբեջանին», «Ղարաբաղն Արցախն է, Արցախն հայոց հողն է»: Ցուցարարները, որ կրում էին Արցախի ու Հայաստանի դրոշները, ցուցապաստառների միջոցով դատապարտում էին ալիևյան վարչակարգին ու նրա ռազմատենչ քաղաքականությունը:

 

ՆՀՀԿ կազմակերպությունների անունից ելույթներ են ունեցել Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը և Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

 

Ցույցից առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամները հրապարակում ներկա անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանել են ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ, որով մերկացրել են ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահայերի անվերապահ աջակցությունը արտահայտել Արցախի քույր-եղբայրներին:

 

Ելույթներում հավաստիացումներ են հնչել, որ հոլանդահայերը տասը միլիոնանոց հայոց սփյուռքի անքակտելի մասն են և բոլոր հնարավոր միջոցներով մասնակցելու են Արցախի ազատամարտին մինչև վերջնական հաղթանակ: Արտահայտվել է հոլանդահայերի վճռականությունը' հասնելու իր ազգային նպատակներին:

 

Երկու ժամ տևած ցույցի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր' հայ մանուկների ու երիտասարդների կատարմամբ: