Վերջին մի քանի օրվա ընթացքում գրեթե բոլորիս շուրթերից ամենահաճախ հնչող հարցը, թերևս, այն է, թե որքանով է արդարացված հայ-ռուսական հարաբերությունները «ռազմավարական»անվանելը: Բոլորի, նույնիսկ ամենառուսամետ դիրքորոշում ունեցողների շրջանում այս հարցն այդպես էլ մինչև վերջ բաց է մնում, քանի որ բոլորս ենք հասկանում՝ Մոսկվայի արձագանքը վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ամենաիսկական պատերազմական գործողություններին, մեղմ ասած, այնքան էլ ադեկվատ չստացվեց. բոլորս միանգամայն այլ ակնկալիքներ ունեինք մեր «դարավոր եղբորից»:
Ավելին՝ ականատես դարձանք ճիշտ հակառակ երևույթին. Մեդվեդևն իսկական սիրախաղ կազմակերպեց Բաքվում Ալիևի հետ՝ ուղղակիորեն հայտարարելով. «Ռուսաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարևոր են: Մեր երկրները շատ նախագծեր ունեն՝ տնտեսական, մարդասիրական ոլորտներում, շատ քաղաքական հարցեր կան: Ներկայիս այցն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար»: Ուշագրավ էր նաև նրա համացանցային գրառումն այն մասին, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը դարավոր բարեկամներ են. սա այն պարագայում, երբ Ադրբեջանի պետությունն ունի 1 դարից էլ պակաս պատմություն:
Այսքանից հետո հարց է առաջանում. լա՛վ, մի՞թե ռուսները սպասում էին ազերիական հրոսակների կողմից հրահրված ռազմական բախմանը, որպեսզի սկսեին իրարու՝ Ադրբեջանի հետ միասին, սեր խոստովանել: Լա՛վ, մեկը, մի խելքը գլխին վերլուծաբան, կարո՞ղ է մեզ բացատրել՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, մի՞թե հայ-ռուսական եղբայրության մասին հավաստիացումները, որ շարունակ հնչում էին թե՛ Մոսկվայից, թե՛ Երևանից, ընդամենն անհաջող ինքնաներշնչանքի արդյունք էին…
Իհարկե, այս օրերին վերլուծությունների ու հնչող կարծիքների պակաս, ինչպես ինքներդ եք հասկանում, դաշտում չկա. դժվար կարելի է հիշել մեկ այլ ժամանակաշրջան, երբ հայ-ռուսական հարաբերություններն այնքան քննարկված լինեն, որքան՝ այս օրերին: Բայց որպեսզի հասկանալի լինի երկրորդ կամ երրորդ կողմի տրամաբանությունը այս կամ այն հացի վերաբերյալ, երբեմն ստիպված ես լինում՝ այս կամ այն խնդիրը դիտարկելու տվյալ կողմի տեսանկյունից. կոպիտ ասած՝ պետք է կարողանանք մտնել Ռուսաստանի մաշկի տակ՝ հասկանալու այս բազմիմաստ դիվանագիտական-քաղաքական կոմբինացիայի բուն իմաստն ու նպատակը:
Կարծում ենք՝ մի փոքր շտապողական են այն գնահատականներն ու կարծիքները, ըստ որոնց՝ ՌԴ-ն իբր շատ հեշտ ու հանգիստ Երևանի հետ իր դաշնակցային հարաբերությունները փորձում է ստորադասել Բաքվի հետ հնարավոր ռազմավարական գործընկերությանը: Եթե իրոք այդպես է, ապա պետք է ցավով ամրագրենք, որ ռուսները, պարզապես, ցնդել են, խելագարվել ու չեն հասկանում, որ տարածաշրջանում միակ հավատարիմ գործընկեր, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանի համար կարող է լինել միայն Հայաստանը. կարծել, թե, ասենք, նույն Անգլիան կարող է թույլ տալ Բաքվին՝ վերածվելու Լոնդոնի համար դարավոր հակառակորդ Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ, կնշանակեր անտեղյակ լինել վերջին դարերի ռուս-բրիտանական հարաբերությունների պատմությունը: Կներե՛ք, բայց նույնիսկ ամենավերջին ապուշին էլ պարզ է, որ քանի դեռ անգլիական «SHELL»-ը շատ կոնկրետ նյութական շահեր ունի Ադրբեջանում, ռուսի ոտքը, ինչպես ասում են, այդ հողերին չի կարող դիպչել. Լոնդոնը՝ իր «արյունակից» ԱՄՆ-ի հետ միասին, պարզապես Երկրի երեսից կջնջի ալիևյան կլանը՝ դիմելով բոլոր հնարավոր միջոցների. այստեղ MI-6-ի տիրույթն է, ուր КГБ-ն պարզապես անելիք չունի… Բայց եթե, այնուամենայնիվ, Մոսկվայում դեռ կան սթափ մտածող մարդիկ, որոնք հրաշալիորեն հասկանում են այս ամենը, ուրեմն՝ առաջ է գալիս մեկ այլ՝ շատ ավելի բազմաշերտ տարբերակ. Ռուսաստանի Դաշնությունը, օգտագործելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, իրականում դավեր է նյութում հենց Ադրբեջանի դեմ, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս մեծ եղբոր՝ Էրդողանի՝ փորձելով խաղալ բավական նուրբ լարերի վրա:
Տրամաբանությունը շատ պարզ է. Պուտինը հասկանում է, որ հիմա, առավել քան երբևէ, Ալիևը վերածվել է Էրդողանի խամաճիկի ու առանց վերջինիս թույլտվության չի կարող անգամ շնչել, իսկ արտաշնչել էլ կարող է բացառապես Անկարայի հրահանգով. Ալիևը անչափ խոցելի է: Մոսկվան, իբր բարեկամական ժեստ կատարելով Բաքվի նկատմամբ, Անդրկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի անփոխարինելի հենարան հանդիսացող Ադրբեջանին փաստացի կանգնեցնում է վտանգավոր երկընտրանքի առաջ՝ կա՛մ սեղմել Մեդվեդևի պարզած բարեկամության ձեռքը՝ կտրվելով Թուրքիայի ազդեցությունից, կա՛մ մնալ Էրդողանի անդավաճան բարեկամն ու բախվել անհաղթահարելի արգելքի՝ ի դեմս հայկական բանակի. այստեղ Հայաստանը ծառայում է որպես գործիք՝ Ալիևին շանտաժի ենթարկելու համար, քանի որ վերջինս լավ է հասկանում՝ հայ-ռուսական տանդեմը կարող է ընդմիշտ թաղել ադրբեջանական վայ պետականությունն ու գրողի ծոցն ուղարկել ազերիական խուժանին: Այլ խոսքերով ասած՝ Մոսկվայի գերնպատակը Էրդողանի գլուխն է՝ մատուցված ճենապակյա սկուտեղում:
Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ երկրորդ տարբերակը, այնուամենայնիվ, ամենահավավանականն է, իսկ մեզ պարզապես մնում է ճարպիկ գտնվել ու խուճապի չմատնվելով՝ փորձել շատ հստակ դիվիդենտներ քաղել այս ամենից՝ վստահ լինելով, սակայն, որ մեր միակ անդավաճան բարեկամը սեփական բանակն է՝ քաջ ու հզոր…
Դավիթ Բաբանով