Հայաստանում հուլիսի 17-ից սկիզբ առած իրադարձությունները հետզհետե սկսում են է՛լ ավելի արյունոտ երանգներ ստանալ, քան կարելի էր նախկինում նույնիսկ պատկերացնել. երեկ ուշ երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները հստակորեն փաստեցին, որ բոլոր հույսերը' երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ մեթոդներով կարգավորելու, ստեղծված բարդագույն իրավիճակից խաղաղ ելքեր գտնելու, հետզհետե հօդս են ցնդում, ու այլ ելք չի մնում, քան համակերպվել անխուսափելի արյունահեղության մտքին' չբացառելով նույնիսկ երկրում հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկումը (երեկվա դեպքերը կարծես մի դրվագ լինեին ապագայի հնարավոր սցենարից):


Ինչ խոսք, այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, ոչ մի կերպ չես կարող համարել համարժեք գործողություն.ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելն ու նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելը, լրագրողների նկատմամբ չարդարացված բռնությունների գործադրումը, անգամ երիտասարդ աղջիկների, կանանց, տարեցների ու հաշմվածների վրա ձեռք բարձրացնելը գալիս են ապացուցելու այն միտքը, որ հետզհետե իրավիճակը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից, ու վերջիններս գնում են մի ճանապարհով, որը ոչ միայն իրենց լավ տեղ չի տանելու, այլև կարող է կործանարար լինել պատերազմական վիճակում գտնվող հայրենիքի համար:

 

Եթե փորձենք հստակ վերլուծության ենթարկել ու հասկանալ տեղի ունեցածի բուն դրդապատճառներն, ապա անխուսափելիորեն պետք է հանգենք այն մտքին, որ այս ամենը հստակ վկայությունն է այն բանի, որ իշխանական շրջանակներում հասունանում է այն մտավախությունը, թե հեռու չէ այն պահը, երբ իրավիճակը դուրս կարող է գալ վերահսկողությունից' հանգեցնելով իշխանությունների համար միանգամայն անկանխատեսելի հետևանքների: Այն, ինչ իր ծագման առաջին իսկ օրվանից գտնվում էր համապատասխան օղակների տոտալ վերահսկողության ներքո ու կարծես ծավալվում կանխատեսելի սցենարի շրջանակներում, կարծես միտում է դրսևորում' դուրս գալու այդ շրջանակներից' փոխելով իր տրամաբանությունը:


Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից ելքին, ապա պետք է նշենք, որ այս ամենից միայն մեկ ելք է նշմարվում' ոչ թե գնալ ամեն գնով ժողովրդական լայն զանգվածներին ու ասենք դրանց շարքերում հայտնված լրագրողներին բռնաճնշումների ենթարկելու ճանապարհով, քանզի դա հղի է Հայաստանը հիմնավորապես ապակայունացնող հետևանքներով, այլ երկրում արտակարգ կարգով բարեփոխումներ իրականացնել' գոնե թեժացած մթնոլորտն ինչ-որ կերպ հանդարտեցնելու, մեղմելու հույսով. այն, որ այս ամենի հիմքերից մեկն էլ երկրում ստեղծված գաղջ մթնոլորտն ու սոցիալական բարդագույն իրավիճակն է, անվիճելի է:


Կգնա՞, արդյոք, իշխանությունն իր համար ցավոտ, բայց պետության ու հասարակության համար այդքան ցանկալի ճանապարհով, թերևս, կարող է միայն ժամանակը ցույց տալ, բայց որ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գլուխ բերելու համար իշխանական ավանդական մեթոդները չեն կարող լուծում հանդիսանալ, կարծում ենք' այլևս անվիճելի իրողություն է. հասարակությունը կոնկրետ բարեփոխումներ է պահանջում, կոնկրետ գործողություններ' ուղղված երկրի ընթացքն արմատապես բարեփոխելուն ու այն զարգացման մայրուղի տեղափոխելուն:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ