Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին երգիչը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

 

 

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն»,- գրել է Սերժ Թանկյանը:

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զինվորներ, այդ թվում 12-ամյա երեխա, մահացել են, իսկ շատերը վնասվածքներ են ստացել: «Փարոս» հիմնադրամը որոշել է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: «Մեր նպատակն է տրամադրել ամենաքիչը 1000 դոլար՝ յուրաքանչյուր հերոսի ընտանիքին: Մեր հասույթի 100 տոկոսը կօգտագործվի' օգնելու այս նախաձեռնությանը»,-նշված է կայքում: