Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ։ Ինչպես 1992 թվականին, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մեկ մարդու նման կանգնեց առաջնագծում՝ զինվորի կողքին։ Հազարավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերից իրենց օգնությունն ու զորակցությունը հայտնեցին Արցախին։
Յուրաքանչյուր ոք իր ուժերի ներքածին չափով փորձեց օգնություն ցուցաբերել Արցախին ու սահմանը պահող զինվորին։ Այդպիսի մի նախաձեռնություն կազմակերպվեց քաղաքացիներ Պետրոս Ավանյանի, Էմմա Պապյանի և համշենահայ Ջեվդեդ Կոլչակի միջոցով։ Նշենք, որ վերջինս ծնվել է Թուրքիայում, սակայն երկու տարի է, ինչ գտնվում է Հայաստանում, քանի որ Թուրքիայից աքսորվել է՝ Էրդողանի դեմ բողոքի ալիք բարձրացնելու համար։ Իմանալով Արցախ ուղարկվելիք օգնության մասին՝ Կոլչակն իր փոքրիկ ներդրումն է ունեցել դրանում։ Ապրիլի 9-ին օգնությունն ուղարկվել է Արցախի սահմանում ծառայող տանկային գումարտակի զինծառայողներին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետրոս Ավանյանն ասաց՝ իրենք այս պահին, ցավոք սրտի, ֆիզիկապես չեն կարող լինել Արցախում, սակայն դա չի նշանակում, որ թիկունքից օգնություն չեն ցուցաբերելու: «Ես կարծում եմ, որ սննդամթերքի հարցում ժողովուրդը պետք է օգնի բանակին, իսկ Պաշտպանության նախարարությունը պետք է լուծի զինամթերքի հարցը, որպեսզի մեր տղաները կարողանան պայքարել այդ քոչվոր ցեղի դեմ։ Մեր զինվորներն առանց սննդամթերքի կարող են դիմակայել, սակայն առանց զենքի՝ ոչ»,- ասաց Պ. Ավանյանը։
Հավելենք, որ սա մի փոքր օրինակ է, որը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը՝ անկախ տարիքից ու գտնվելու վայրից, համախմբված է, միասնական է, սահմանի զինվորի կողքին կանգնած է:
Ք. Աղալարյան