Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հացաթխման արտադրամասի պետ Արսեն Հովհաննիսյանը վերցրել է դատապարտյալներին արգելված առարկաներ, իրեր, սննդամթերք ու փոխանցել դատապարտյալներ Օրդյանին կամ Գարեգին Սիմոնյանին, ապա ստացել խոստացված վարձատրությունը: Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Հովհաննիսյանն այս կերպ պետության շահերին էական վնաս է պատճառել:
Բացի վերոնշյալից, քր. գործի նյութերի համաձայն, նա օժանդակել է առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելուն:

 

 

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև դատապարտյա Ռոբերտ Օրդյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա ազատազրկման ձևով պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում, վերցրել է արգելված իրեր, դրդել Արսեն Հովհաննիսյանին' օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելուն:

 

 

Սույն քր. գործով մյուս մեղադրյալը, իսկ այժմ արդեն ամբաստանյալը Կարապետ Հովհաննիսյանն է: Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ազատազրկման ձևով պատիժ կրելով «Գորիս» ՔԿՀ-ում, վերցրել է արգելված իրեր, դրդել Արսեն Հովհաննիսյանին' օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելուն:

 

 

Վերոնշյալ արարքների համար Արսեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

 

 

Ռոբերտ Օրդյանին և Կարապետ Հովհաննիսյանիբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանը դրդելը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: