Փաստաբան Հայկ Ալումյանը գրությամբ դիմել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ կապված դատարաններում կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված գրությունը, որը տեղադրվել էր Հայկ Ալումյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին ժամանակաշրջանում ՀՀ ընդհանուր իրավասության մի շարք դատարաններ մուտք գործելիս փաստաբաններին դատական կարգադրիչների կողմից առաջարկվում է պահանջ՝ զննության ներկայացնել իրենց մոտ առկա իրերը, ինչպես նաեւ որոշ դեպքերում ենթարկվել անձնական զննության:
Իրենց գործողությունները կարգադրիչները հիմնավորում են ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝ զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճի մուտք գործող անձանց եւ նրանց իրերը:
Որպես զննության նպատակ է մատնանշվում՝ արգելված իրերի մուտքը դատարան կանխելը:
Վերը նշվածի կապակցությամբ խնդրում եմ հայտնել.
Ի՞նչ իրեր է արգելված ներս բերվել դատարան, մատնանշելով իրերի սպառիչ ցանկը եւ արգելքը սահմանող իրավական ակտը,
Ի՞նչ կարգով պետք է իրականացվի իրերի զննումը՝ մատնանշելով այդ կարգը սահմանող իրավական ակտը,
Ի՞նչ կարգով պետք է իրականացվի անձնական զննությունը՝ մատնանշելով այդ կարգը սահմանող իրավական ակտը,
Ի՞նչ կարգով պետք է ամրագրվեն իրերի զննության եւ անձնական զննության արդյունքները, մատնանշելով այդ կարգը սահմանող իրավական ակտը»:
Նշենք, որ փաստաբանների մի խումբ պնդում է, որ կարգադրիչները ոչ թե զննում են իրենց, այլ խուզարկում, ինչը արգելվում է ՀՀ փաստաբանության մասին օրենքով: Հենց այս խնդրի պատճառով մի քանի փաստաբաններ չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ եւ մասնակցել դատական գործընթացներին: