Ադրբեջանը երկրորդ հայցն է ներկայացրել Հայաստանի դեմ՝ դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկելու համար»։ Այդ մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ նպատակ ունենալով Հայաստանի կողմից անհապաղ քայլեր ձեռնարկել տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման, քաղաքացիական տարածքների ականներով և այլ պայթուցիկներով աղտոտումը դադարեցնելու և այդ նպատակների համար Լաչինի ճանապարհն օգտագործելու համար։ Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների ոտնահարման համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Բաքուն պնդում է, թե ապացույցներ կան, որ Հայաստանը 2021 թվականից սկսած «շարունակում է ականներ տեղադրել ադրբեջանական տարածքներում» և ական-թակարդներ՝ տներում։