Արցախում չորսօրյա պատերազմի հետևանքով արիաբար զոհված զինծառայողներից շատերի ընտանիքները սոցիալապես անապահով վիճակում են։ Հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները դրամահավաքների միջոցով փորձում են որոշ չափով մեղմել և բարելավել հերոսների ընտանիքների սոցիալական պայմանները և թեթևացնել բեռը։ Իհարկե, պետք է նշել՝ ցավալի է, երբ նրանց կենդանության օրոք պետական մակարդակով որևէ օգնություն չի ցուցաբերվել, որևէ կերպ չի բարձրաձայնվել նրանց սոցիալական վատթար վիճակը։ Ինչևէ...
Զոհվածներից երկուսը՝ հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանը և Ռոբերտ Աբրահամյանը, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների զավակներ էին։ Նրանց ընտանիքները ևս սոցիալապես անապահով վիճակում են: Գործարանի նախկին աշխատակիցները դրամահավաք են կազմակերպում՝ ցանկանալով օգնել իրենց նախկին գործընկերների ընտանքներին, որոնց որդիներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։
«Արդեն որոշակի գումար հավաքել ենք հերոսի մահով զոհված Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին հանձնելու համար: Այս պահի դրությամբ ունենք 175 հազար դրամ, գումարը վերջնական չի՝ էլի պիտի ավելանա... Եվս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել դրամահավաքի բոլոր մասնակիցներին: Իսկ Ռոբերտ Աբրահամյանը՝ կապուտաչյա սիրուն տղան, որի զոհվելու մասին 2 օր առաջ տեղեկացանք, պայմանագրային զինծառայող էր, ընդամենը 23 տարեկան... «Նաիրիտի» նախկին աշխատակցիներից մեկի՝ պահեստային տնօրինության բանվոր Աբոյի տղան էր...»,- ասում է գործարանի նախկին աշխատակցուհի Արփի Թագոյանը։
Աշխատակիցները այս նպատակով հինգշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, հավաքվում են Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ։