Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

 

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

 

Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը' որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման: